Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Լենինգրադի մարզի Ուստ-Լուգա նավահանգստի վրա, արդյունքում՝ Բալթիկ ծովի ՌԴ խոշորագույն ծովային առևտրային նավահանգիստներից մեկում հրդեհ է բռնկվել: Լուրը հաստատել է Լենինգրադի մարզի նահանգապետ Ալեքսանդր Դրոզդենկոն:
«Մի քանի անօդաչու թռչող սարքի հարվածների և հրդեհի հետևանքով վիրավորվել է նավահանգստի երեք աշխատող, իսկ գիշերը տարածաշրջանի վրա խոցվել է 150 ուկրաինական դրոն»,- նշել է նահանգապետը։
Ուստ-Լուգա նավահանգիստը Բալթիկ ծովում, Ֆիննական ծոցում Ռուսաստանի խոշոր առևտրային նավահանգիստ է, հիմնական արտահանման հանգույցներից մեկը՝ Սանկտ Պետերբուրգից մոտ 100-150 կմ հեռու:
Նավահանգիստը սկսել է գործել 2001 թվականին։ Այն տերմինալներ ունի նավթի, նավթամթերքի, ածխի, ծծմբի, հանքային պարարտանյութերի, գազի կոնդենսատի, հեղուկացված բնական գազի և բեռնարկղային բեռների վերբեռնման համար։ Ուստ-Լուգան ռազմավարական տնտեսական նշանակություն ունի Ռուսաստանի և նրա ռազմարդյունաբերական համալիրի համար։
