Լիբանանում պայթած փեյջերները լիցքավորել է Մոսադը. Sky News Arabia

Լիբանանում պայթած փեյջերները լիցքավորել է Մոսադը. Sky News Arabia

Իսրայելի «Մոսադ» հետախուզական գործակալությունը հասանելիություն է ստացել «Հեզբոլլահի» համար նախատեսված փեյջերներին և դրանց մեջ տեղադրել պայթուցիկներ: Դրանք պայթել են, երբ մարտկոցները տաքացել են, հայտնում է Sky News Arabia-ն՝ հղում անելով աղբյուրներին։

Լրատվալան գործակալության աղբյուրների համաձայն՝ իսրայելական հետախուզությունը սարքերը ձեռք է բերել նախքան դրանք «Հեզբոլլահին» հանձնելը և լիցքավորել պայթուցիկներով: Փեյջերների մարտկոցները դրանով հագեցնելով՝ «Մոսադը» բարձրացրել է դրանց ջերմաստիճանը, ինչը հանգեցրել է պայթյունի, գրում է հեռուստաալիքը։

Associated Press-ը գրում է, որ փեյջերները պայթուցիկներով հագեցած են եղել մինչ Լիբանան հասնելը։ Ըստ Al Jazeera-ի՝ յուրաքանչյուր փեյջերում եղել է մոտ 20 գրամ պայթուցիկ, սարքերը Լիբանան են բերվել հինգ ամիս առաջ։

«Հեզբոլլահի» ներկայացուցիչն իր հերթին ենթադրել է, որ վնասակար ծրագրերը կարող էին հանգեցնել սարքերի տաքացման և պայթյունի: Ըստ նրա, որոշ փեյջերների սեփականատերեր զգացել են, որ սարքերը տաքանում են և ազատվել են դրանցից, նախքան պայթելը:

Փեյջերները զանգվածաբար պայթել են ամբողջ Լիբանանում սեպտեմբերի 17-ին: Ըստ Լիբանանի առողջապահության նախարարության, տուժել է 4 հազար մարդ, ևս 11-ը մահացել է: Վիրավորների մեջ են Բեյրութում Իրանի դեսպան Մոջթաբա Ամանին և դեսպանատան ևս երկու աշխատակից, հաղորդում է Mehr գործակալությունը։ Al Hadath-ն էլ հայտնում է, որ փեյջերի պայթյունի հետևանքով վիրավորվել են նաև Դամասկոսում գտնվող «Հեզբոլլահի» անդամները: Ըստ հեռուստաալիքի աղբյուրների, մահացել է Լիբանանի խորհրդարանի «Հըզբոլլահի» անդամ Ալի Ամմարի որդին։

«Հեզբոլլահը» կատարվածի համար մեղադրել է Իսրայելին և խոստացել «անսպասելի արդար պատասխան տալ»: Իսրայելի իշխանությունները պաշտոնապես չեն մեկնաբանել միջադեպը։