Խաղաղությունն ու անվտանգությունը պետք է աշխարհում փոխարինեն արյունահեղությանն ու պատերազմին, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը՝ հավելելով, որ Իրանն այնպիսին չէ, ինչպիսին ներկայացնում են աշխարհի ԶԼՄ-ները, և հայտնելով, որ իր երկիրը պատրաստ է ապրել ամբողջ աշխարհի հետ՝ խաղաղ ու անվտանգ։
«Մեր հայացքը երկրին, տարածաշրջանին ու աշխարհին պարզ է ու թափանցիկ․ երբ ես առաջադրվում էի Իրանում կայանալիք ընտրություններում, իմ կարգախոսը միասնությունն ու ամբողջականությունն էր, քանի որ մենք նախ պետք է վերացնենք տարաձայնությունները, որ առկա են երկրում»,- ասել է նա։
Իրանի նախագահը նշել է, որ ինքը որևէ խմբի կամ խմբակցության հետ կապված չէ, այդ է պատճառը, որ մարդիկ իրեն ձայն տվեցին։
«Միջազգային հարաբերություններում մեր առաջնահերթությունը հարևաններն են, որոնց հետ մենք կհասնենք փոխըմբռնման՝ սահմանների, տարածքների ու անվտանգության պահպանմամբ, մենք կկանխենք ցանկացած գործողություն, որ սպառնում է մեզանից ցանկացածի ներքին անվտանգությանը»,- ասել է նա։
Նախագահը նշել է, որ Իրանը նույնատիպ հարաբերություններ է ցանկանում նաև աշխարհի հետ։
«Մենք առողջ ու հավասար հարաբերություններ ունենք աշխարհի հետ և կարծում ենք, որ խաղաղությունն ու անվտանգությունը պետք է փոխարինեն աշխարհում արյունահեղությանն ու պատերազմին»,- ասել է նա։
Փեզեշքիանը շեշտել է՝ իրենք եկել են Նյու Յորք՝ աշխարհին այս ուղերձը փոխանցելու։ Միևնույն ժամանակ նախագահը նշել է՝ Իրանն ապակայունացում չի ցանկանում, բայց Հանիեի սպանությունն անպատասխան չի մնա։