Ուկրաինա են ժամանել առաջին F-16 կործանիչները

Ուկրաինա են ժամանել առաջին F-16 կործանիչները

Արևմտյան լրատվամիջոցները հայտնում են, որ Ուկրաինայի զինուժն արդեն ստացել է F-16 կործանիչների առաջին խմբաքանակը՝ վեց ինքնաթիռ: Դրանք տրամադրել է Նիդերլանդները: Շուտով ինքնաթիռների հերթական խմբաքանակ կուղարկի Դանիան:

Լիտվայի արտաքին գործերի նախարարն X-ի միկրոբլոգում գրել է. «Այն, ինչն անհնար էր թվում, իրականություն դարձավ»:

Երկարաժամկետ հեռանկարում Ուկրաինայի զինված ուժերին կտրամադրվի մոտ 80 կործանիչ, սակայն դրանցից շատերը կօգտագործվեն որպես պահեստամասեր՝ նշում են ԶԼՄ-ները:

Կիևը պաշտոնապես դեռ չի հաստատել տեղեկությունը: Կրեմլի արձագանքը չի ուշացել: Դմիտրի Պեսկովի խոսքով՝ կործանիչները լուրջ ազդեցություն չեն ունենա մարտադաշտում: «F-16 կործանիչների մատակարարումները Կիև չեն կարող էականորեն ազդել ճակատում տեղի ունեցող իրադարձությունների դինամիկայի վրա»,- ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը: