Մոսկվան «Զանգեզուրի միջանցք» տերմինը չի օգտագործում. Մարիա Զախարովա

Մոսկվան «Զանգեզուրի միջանցք» տերմինը չի օգտագործում. Մարիա Զախարովա

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկացրել է, որ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հոկտեմբերի 17-18-ը աշխատանքային այցով կլինի Թուրքիայում՝ մասնակցելու «3+3» տարածաշրջանային հարթակի երրորդ հանդիպմանը։ Մարիա Զախարովայի խոսքով՝ Մոսկվան այս ձևաչափը դիտարկում է որպես Հարավային Կովկասում կայուն խաղաղության ուղղությամբ տարածաշրջանային դերակատարների ջանքերը համակարգելու արդյունավետ մեխանիզմ, ինչպես նաև հնարավորություն՝ խթանելու առևտրատնտեսական, տրանսպորտային, լոգիստիկ, մշակութային, հումանիտար ոլորտներում փոխշահավետ գործակցությունը:

Ադրբեջանցի լրագրողը հարց է հնչեցրել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք»-ի, ինչպես նաև հայ-իրանական սահմանից ռուս սահմանապահների հեռանալու մասին: Զախարովան արձագանքել է՝ նշելով, որ Մոսկվան «Զանգեզուրի միջանցք» տերմինաբանությունը չի օգտագործում:

«Հայ-իրանական և հայ-թուրքական սահմանին ռուս սահմանապահների առկայության հարցն այլ թեմա է։ Ինչ վերաբերում է տարածաշրջանում երթուղիների ապաշրջափակման մասով Ռուսաստանի դիրքորոշմանը, ապա այն չի փոխվել», – հայտարարել է Զախարովան:

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը արձագանքել է Ադրբեջանի կողմից Ստեփանակերտում պատմական թաղամասեր ավերելու փաստերի, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի ճակատագրի և վերադարձի իրավունքի մասին հարցին, նշել, որ խոսքը Ադրբեջանի տարածքի մասին է և այնտեղ գործում են այդ երկրի օրենքները:

«Կարեկցում ենք մարդկանց, որոնք կորցրել են իրենց տունը: Դա ողբերգություն է: Սակայն մենք բազմիցս մեկնաբանել և ընդգծել ենք Բաքվի կառուցողական քայլերը, որոնք ուղղված են եղել իրենց տներ ԼՂ բնակչության վերադարձի հնարավորությանը։ Մենք բարձրացնում ենք այդ հարցը Ադրբեջանի հետ երկկողմ շփումներում: Ուզում եմ ընդգծել, որ Ադրբեջանը վերադարձի հնարավորություն ընձեռել է: Այդ հնարավորությունը եղել է և կա: Եթե մարդիկ հետաքրքրված են իրենց տների պահպանմամբ, երևի թե կարելի է օգտվել այդ հնարավորությունից», – ասել է Զախարովան։

Անդրադարձ է եղել ՆԱՏՕ-Ադրբեջան գործակցությանը: Զախարովան նշել է, թե Հյուսիսատլանտյան Դաշինքը և Եվրամիությունը կործանարար գործունեություն են ծավալում տարածաշրջանում՝ թե ադրբեջանական, թե հայկական ուղղությամբ

«Համոզված ենք, որ տարածաշրջանում որոշումները պետք է կայացնեն տարածաշրջանի երկրները՝ առանց արտաքին միջամտության», – ասել է Զախարովան, հավելել, որ Մոսկվան այդ դիրքորոշումը փոխանցում է և՛ Բաքվին, և՛ Երևանին:

Միջազգային նորությունները՝ Դիանա Գասպարյանի ռեպորտաժում։