Արցախի ճակատային Թաղավարդից ռուս խաղաղապահներն Ադրբեջանին հրադադարը պահպանելու կոչ են հղել

Արցախի ճակատային Թաղավարդից ռուս խաղաղապահներն Ադրբեջանին հրադադարը պահպանելու կոչ են հղել

Արցախի ճակատային Թաղավարդից ռուս խաղաղապահներն Ադրբեջանի զինծառայողներին հրադադարը պահպանելու կոչ են հղել: Ռուսերեն, ադրբեջաներեն ու հայերեն նրանց հորդորել են պահպանել 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի դրույթները:

Վերջին օրերին համայնքի ուղղությամբ ադրբեջանական դիրքից հաճախ են կրակում, նաև ձայնագրությամբ զգուշացնում, որ գյուղից չհեռանալու դեպքում ուժ կկիրառեն խաղաղ բնակչության նկատմամբ:

Էդիկ Թովմասյան (Արցախի Թաղավարդ համայնքի բնակիչ— Ուզում են միկրոֆոնով մեր գյուղը գրավեն, այդպիսի բան լինում է, նոր զենք են ստեղծե՞լ մեզ համար:

Թաղավարդում ամեն օր ադրբեջանական կոչեր ու մուղամներ են լսվում, իսկ գյուղի տարածքը հակառակորդի թիրախում է:

Մանյա Ազարյան (Արցախի Թաղավարդ համայնքի բնակիչ— Եթե միայն ես լինեմ, այդքան չեմ մտածի, բայց որ փոքր երեխաներ կան, արդեն առաջին հերթին անհանգստանում ենք երեխաների համար:

44-օրյա պատերազմի ժամանակ Ադրբեջանը գյուղի կեսն օկուպացրել է: Եղածը պետք է պահել, ասում են բնակիչները: Արցախի ՊՆ հաղորդմամբ` ընդհանուր առմամբ, գիշերը իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է եղել: Ու թեև վերջին օրվա ընթացքում հրադադարի ռեժիմի էական խախտումներ չեն արձանագրվել, Արցախը շարունակում է մնալ առանց գազի:

Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանը հաղորդագրություն է ուղարկել միջազգային կազմակերպություններին, դիվանագիտական առաքելություններին՝ կոչ անելով հստակ արձագանքել Ադրբեջանի հանցավոր վարքագծին:

«Մարդիկ զրկված են ապրելու տարրական պայմաններից, հնարավոր չէ իրացնել առողջապահական, կրթության իրավունքը»,- նշում է Հայաստանի ՄԻՊ-ը: Զուգահեռ թիրախավորվում է խաղաղ բնակչությունը:

Խրամորթում քաղաքացիական մեկ անձ վիրավորում է ստացել։

Այս ամենը միտված է Արցախում ապրող մարդկանց շրջանում վախի, ահաբեկման մթնոլորտը պահպանելուն՝ նպատակ ունենալով հայաթափել ու էթնիկ զտման ենթարկել Արցախը իր բնիկ հայերից

Զուգահեռ հակառակորդը շարունակում է կեղծ լուրերի տարածումը: Արցախի անվտանգության խորհուրդը վստահ է՝ դա արվում է բնակչության շրջանում խուճապ առաջացնելու համար:

Արցախի Պաշտպանության բանակն իրականացնում է իր առջև դրված խնդիրները՝ համաձայն նախօրոք հաստատված պլանների։ Պաշտպանության բանակն ուշադիր հետևում է ադրբեջանական կողմի բոլոր շարժերին. շփման գծի ամբողջ երկայնքով կուտակումների մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը:

Արցախի անվտանգության խորհուրդը հորդորում է հետևել բացառապես պաշտոնական լրահոսին: