Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում ջրհեղեղների հետևանքով առնվազն ութ մարդ է զոհվել

Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում ջրհեղեղների հետևանքով առնվազն ութ մարդ է զոհվել

«Բորիս» փոթորկի հետևանքով առաջացած հորդառատ անձրևները հանգեցրել են մարդկային զոհերի Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում: Լրատվամիջոցները հայտնում են, որ ութ մարդ զոհվել է, հազարավոր տներ տուժել են ջրից։ Արտակարգ իրավիճակների ծառայությունները ուժեղացնում են ջրհեղեղի դեմ պայքարի ռեժիմը։

Reuters-ի տվյալով՝ Ավստրիայում քաղաքացիներին ջրհեղեղից փրկելու գործողության ընթացքում հրշեջ է զոհվել: Վիեննան շրջապատող տարածքը հայտարարվել է աղետի գոտի։

Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հայտնել է, որ ջրհեղեղի հետևանքով իր երկրում մեկ մարդ է զոհվել:

Ամենաշատ զոհեր են գրանցվել Ռումինիայում։ Շաբաթ օրը Ուկրաինայի հետ սահմանի մոտ զոհվել է չորս մարդ, իսկ կիրակի՝ ևս երկուսը։

Չեխիայում էլ փրկարարները փնտրում են երեք մարդու, ովքեր եղել են երկրի արևելքում գետն ընկած մեքենայում: Չեխիայում ջրհեղեղի պատճառով որոշ շրջաններում տարհանում է հայտարարվել։ Երկրի հյուսիսում շուրջ 51 հազար տնային տնտեսություն տուժել է էլեկտրաէներգիայի խափանումներից: Պրահայում ջրհեղեղների դեմ արգելապատնեշներ են կանգնեցվել։