Տարածքային ամբողջականության հետ կապված որևէ հարց չի կարող լուծվել առանց ժողովրդի մասնակցության. Զելենսկի

Տարածքային ամբողջականության հետ կապված որևէ հարց չի կարող լուծվել առանց ժողովրդի մասնակցության. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին անդրադարձել է Ռուսաստանի հետ պատերազմի հնարավոր խաղաղ կարգավորմանը։ «Դուք պետք է հասկանաք, որ Ուկրաինայի տարածքային ամբողջականության հետ կապված որևէ հարց չի կարող լուծվել մեկ նախագահի, մեկ անձի կամ աշխարհի բոլոր նախագահների կողմից՝ առանց ուկրաինացի ժողովրդի մասնակցության»,- ասել է նա Le Monde թերթի հետ հարցազրույցում։

Նրա կարծիքով՝ պետք է նաև հաշվի առնել, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նման քայլը կընկալի որպես հաղթանակ, և հետևաբար «այդ հարցը շատ բարդ է»։

Ուկրաինայի Սահմանադրության 73-րդ հոդվածը թույլ է տալիս տարածքային փոփոխություններ կատարել միայն համապետական ​​հանրաքվեից հետո, նշել է dpa գործակալությունը։ Սահմանադրության 133-րդ հոդվածում նշված են բոլոր տարածքները, այդ թվում՝ Ղրիմի թերակղզին՝ Սևաստոպոլ քաղաքով, և Դոնեցկի, Լուգանսկի, Խերսոնի և Զապորոժիեի շրջանները։ Բացի դրանից՝ Սահմանադրության փոփոխության համար անհրաժեշտ է Ուկրաինայի խորհրդարանի ձայների երկու երրորդի մեծամասնությունը:

Ինչպես երևում է Le Monde-ում տված հարցազրույցից, Զելենսկին ցանկանում է Ռուսաստանին տեսնել բանակցությունների սեղանի շուրջ։ «Ինչպես երկրներից շատերը, ես էլ կարծում եմ, որ Ռուսաստանի ներկայացուցիչները պետք է ներկա լինեն նոյեմբերին կայանալիք խաղաղության երկրորդ գագաթնաժողովին, հակառակ դեպքում մենք որևէ կայուն արդյունքի չենք հասնի»,- մեջբերել է պարբերականը Ուկրաինայի նախագահի խոսքերը: