«Հըզբոլլահն» անօդաչու սարքերով հարվածել է իսրայելական բազային. կան զոհեր

«Հըզբոլլահն» անօդաչու սարքերով հարվածել է իսրայելական բազային. կան զոհեր

Իսրայելի հյուսիսում գտնվող ռազմաբազայի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով չորս իսրայելցի զինվոր է զոհվել, մոտ 70-ը վիրավորվել են, հայտնում է Իսրայելի պաշտպանության բանակը:

Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է լիբանանյան «Հըզբոլլահը»։ Խմբավորման մամուլի ծառայության տվյալներով՝ հարվածը հասցվել է ի պատասխան հինգշաբթի հարավային Լիբանանում և Բեյրութում Իսրայելի հարձակումներին։

Ինչպես հայտնում է Times of Israel-ը, վկայակոչելով նախնական հետաքննության տվյալները, «Հըզբոլլահը» Միջերկրական ծովից երեք «Միրսադ» անօդաչու թռչող սարք է արձակել, որից երկուսը խոցվել են, մեկն անհետացել է ռադարներից՝ շատ ցածր թռչելու արդյունքում:

Ըստ իսրայելական Alma Research կենտրոնի՝ այդ տեսակի դրոններն ունեն «120 կիլոմետր ոչնչացման շառավիղ, առավելագույն արագությունը 370 կմ/ժ է, կարող են կրել մինչև 40 կգ պայթուցիկ և թռչել մինչև 3 կմ բարձրությամբ»:

«Հըզբոլլահը» հայտարարության մեջ սպառնացել է նոր հարձակումներով, եթե Իսրայելի ռազմական գործողությունները շարունակվեն Լիբանանի հարավում: