Վրաստանն ու Չինաստանը «Միջին միջանցքի» զարգացման վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

Վրաստանն ու Չինաստանը «Միջին միջանցքի» զարգացման վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլու՝ Չինաստան կատարած աշխատանքային այցի ընթացքում ստորագրվել է «Չինաստան-Եվրոպա երկաթուղային էքսպրեսի, Տրանսկասպյան միջազգային տրանսպորտային երթուղու տրանսպորտային միջանցքների զարգացման վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր»:

Վրաստանի էկոնոմիկայի նախարարության հաղորդմամբ՝ փաստաթուղթը ստորագրվել է Դավիթաշվիլու և ՉԺՀ զարգացման և բարեփոխումների ազգային հանձնաժողովի փոխնախագահ Չաո Չենսինի միջև:

Հուշագիրը նախատեսում է Վրաստանի և Չինաստանի միջև համագործակցության խորացում՝ «Միջին միջանցքի» առավել ակտիվացումն ու արդյունավետ գործունեությունն ապահովելու նպատակով։ Հուշագրում ասվում է, որ կողմերը միասին կաշխատեն «Միջին միջանցք» լրացուցիչ բեռներ ներգրավելու ուղղությամբ։

Նշվում է, որ փաստաթուղթը կնպաստի Չինաստանից Եվրոպա և հակառակ ուղղությամբ «Միջին միջանցքով» բեռնափոխադրումների հոսքի աճին, ինչպես նաև երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների ամրապնդմանը: