Բրյուսելում պետք է ուրախ լինեն, որ Վրաստանը ցանկանում է անդամակցել Եվրամիությանը. Սիյարտո

Բրյուսելում պետք է ուրախ լինեն, որ Վրաստանը ցանկանում է անդամակցել Եվրամիությանը. Սիյարտո

Վրաստանի արտգործնախարար Իլիա Դարչիաշվիլին Հունգարիա կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է իր հունգարացի գործընկեր Պետեր Սիյարտոյի հետ: Նախարարները հանդես են եկել համատեղ մամլո ասուլիսով:

Սիյարտոն քննադատել է Թբիլիսիի նկատմամբ Եվրամիության քաղաքականությունը:

«ԵՄ-ն պետք է ուրախ լինի, որ Վրաստանը ցանկանում է անդամակցել միությանը, իսկ ռազմատենչ քաղաքական գործիչները ցանկանում են դա անհնար դարձնել, քանի որ Վրաստանում կա հայրենասեր կառավարություն, որը պաշտպանում է իր ազգի շահերը»,- ասել է Հունգարիայի ԱԳ նախարարը, հավելել՝ Բրյուսելը պետք է ամեն ինչ անի, որպեսզի Վրաստանը հնարավորինս շուտ դառնա եվրոպական մեծ ընտանիքի անդամ:

Սիյարտոյի խոսքով՝ Վրաստանը բավական հաջող դիմակայում է արտաքին ազդեցությանը:

«Նրանք նաև օրենք են ընդունել, որը պաշտպանում է դա։ Նրանք ունեն կառավարություն, որը պաշտպանում է ընտանիքի ավանդական մոդելը, և համապատասխան օրենք են ընդունել: Այդ պատճառով Բրյուսելը քաղաքական և ֆինանսական պատժամիջոցներ է սահմանել։ Բրյուսելին դուր չի գալիս, որ նրանք չեն պարում իրենց դուդուկի տակ, և որ ինչ-որ մեկը դիմադրում է պատերազմին և գենդերային քարոզչությանը»,- ընդգծել է հունգարացի դիվանագետը:

Նրա խոսքով՝ Բուդպեշտի վրա ևս ճնշում են գործադրում, սակայն Հունգարիան կշարունակի պաշտպանել սեփական արժեքները և ինքնիշխանությունը և այդ հարցում կօգնի նաև Վրաստանին՝ միևնույն ժամանակ, հնարավոր աջակցություն կցուցաբերի Եվրամությանն անդամակցության գործում:

Դարչիաշվիլին իր հերթին վերահաստատել է, որ ԵՄ-ին անդամակցությունը Վրաստանի հիմնական նպատակներից մեկն է:

«Իմ երկրի եվրոպական ուղին անշրջելի է. մենք կշարունակենք աշխատել բարեփոխումների ուղղությամբ: Վրաստանը ԵՄ-ի համար մնում է շատ հուսալի դաշնակից անվտանգության ոլորտում՝ իր ներդրումն ունենալով մեր գործընկերների անվտանգության և կայունության գործում։ Լարվածության բարձր աստիճան ունեցող տարածաշրջանում մեր գլխավոր նպատակն է նպաստել Վրաստանի դերակատարման ամրապնդմանը՝ որպես տարածաշրջանային խաղաղության և կայունության, ժողովրդավարական զարգացման և համագործակցության կենտրոն»,- ասել է Վրաստանի ԱԳ նախարարը: