Խաղաղության եվրոպական հիմնադրամի շրջանակում Հայաստանի զինված ուժերին կտրամադրվի 10 մլն եվրո աջակցություն

Խաղաղության եվրոպական հիմնադրամի շրջանակում  Հայաստանի զինված ուժերին կտրամադրվի 10 մլն եվրո աջակցություն

Եվրոպական խորհրդի՝ արտաքին գործերի նախարարների խորհուրդն այսօր ընդունել է Խաղաղության եվրոպական հիմնադրամի շրջանակներում Հայաստանի Հանրապետության զինված ուժերին 10 մլն եվրո աջակցություն տրամադրելու վերաբերյալ:

«ԵՄ-ն առաջին անգամ է որոշում կայացրել Հայաստանին Խաղաղության եվրոպական հիմնադրամից օգնելու վերաբերյալ։ Այս որոշման նպատակն է բարձրացնել Հայաստանի զինված ուժերի նյութատեխնիկական կարողությունները և նպաստել ճգնաժամային և արտակարգ իրավիճակներում խաղաղ բնակչության պաշտպանության ամրապնդմանը: Օգնության փաթեթը նպատակ ունի նաև բարձրացնել Հայաստանի դիմակայունությունը և արագացնել նրա զինված ուժերի փոխգործունակությունը՝ միջազգային, այդ թվում՝ ԵՄ ռազմական առաքելություններին և գործողություններին երկրի հնարավոր հետագա մասնակցության դեպքում»,- նշված է խորհրդի հաղորդագրությունում: Աջակցությունը թույլ կտա մեկ գումարտակի համար ապահովել լիարժեք վրանային ճամբար:

ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության  հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը նշել է, որ անվտանգությունը Հայաստանի հետ երկկողմ հարաբերությունների բաղադրիչ է, որի կարևորությունն աճում է: «Խաղաղության եվրոպական հիմնադրամի այս միջոցառումը կնպաստի երկրի դիմակայունությանը: Մենք փոխադարձ շահագրգռվածություն ունենք ավելի ընդլայնելու մեր երկխոսությունը արտաքին և անվտանգության քաղաքականության շուրջ՝ նաև դիտարկելով Հայաստանի ապագա մասնակցությունը ԵՄ-ի գլխավորած առաքելություններին և գործողություններին»,- նշել է Բորելը։

ԵՄ խորհրդի հաղորդագրության համաձայն՝ Հայաստանին աջակցությունը տրամադրվում է երկկողմ գործընկերության շրջանակում, որը հիմնված է ընդհանուր արժեքների վրա և ուղղված է Հայաստանում և Հարավային Կովկասում խաղաղության, կայունության և բարգավաճման խթանմանը։

«ԵՄ-ն հավատարիմ է ընդլայնելու Հայաստանի հետ համապարփակ քաղաքական և տնտեսական գործընկերությունը՝ հիմնված ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վրա, և էլ ավելի ամրապնդելու մեր հարաբերություններն իրենց բոլոր հարթություններում: Դա ներառում է արտաքին և անվտանգության քաղաքականության ոլորտում երկխոսության և համագործակցության ակտիվացում՝ ընդգրկելով նաև անվտանգության և պաշտպանության ընդհանուր քաղաքականությունը»,- նշված է հաղորդագրությունում: