Ձայների հաշվարկի նախնական արդյունքների համաձայն՝ Գերմանիայում աջ ծայրահեղական «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը (AfD) հաղթել է արևելյան Թյուրինգիա նահանգի խորհրդարանի ընտրությունում։
Ըստ DW-ի՝ AfD-ն ստացել է ձայների 32,8%-ը՝ առաջ անցնելով պահպանողական Քրիստոնեա-դեմոկրատական միությունից (CDU), որը ստացել է ընտրողների 23,6%-ի աջակցությունը։
Սաքսոնիայում, սակայն, «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը (AfD) զիջել է Քրիստոնեա-դեմոկրատական միությանը (CDU): AfD-ն ստացել է 30,6% ձայն, CDU-ն՝ 31,9%:
Գերմանիայի կանցլեր Շոլցն «անհանգստացնող» է համարել նահանգային ընտրությունում աջ պոպուլիստների արդյունքները:
«AfD-ն վնաս է հասցնում Գերմանիային, այն թուլացնում է երկրի տնտեսությունը, պառակտում է հասարակությունը և խաթարում Գերմանիայի հեղինակությունը», ասել է Շոլցը՝ Reuters-ին և հավելել. «Մեր երկիրը չի կարող և չպետք է ընտելանա դրան»։
Գերմանիայի կառավարության ղեկավարը նաև կոչ է արել «բոլոր դեմոկրատական կուսակցություններին» ձևավորել կայուն տեղական կառավարություններ՝ «առանց աջ ծայրահեղականների մասնակցության»։
Շոլցի SPD կուսակցությունը կարողացել է երկու նահանգում հաղթահարել 5 տոկոսանոց արգելքը և մտնել խորհրդարան։