Ադրբեջանի «Մուսավաթ» ընդդիմադիր կուսակցությունը չի ճանաչել խորհրդարանի ընտրությունը և պահանջել է նոր քվեարկություն

Ադրբեջանի «Մուսավաթ» ընդդիմադիր կուսակցությունը չի ճանաչել խորհրդարանի ընտրությունը և պահանջել է նոր քվեարկություն

«Մուսավաթ» կուսակցության կենտրոնական նախընտրական շտաբը հրապարակել է Ադրբեջանի խորհրդարանի արտահերթ ընտրության արդյունքների նախնական եզրակացությունը։

«Ընտրությունն անցել է ազատ և արդար քաղաքական մրցակցության համար ժողովրդավարական միջավայրի բացակայության, բոլոր քաղաքական ուժերի համար հավասար հնարավորությունների, խոսքի, լրատվամիջոցների, արտահայտման, հավաքների ազատության սահմանափակման, սոցիալական ցանցերում լրագրողների, քաղաքական ակտիվիստների, իշխանության քննադատների նկատմամբ ճնշումների ու բռնաճնշումների պայմաններում»,- ասված է փաստաթղթում:

«Մուսավաթի» ներկայացուցիչների և անկախ դիտորդների կարծիքով՝ մասնակցությունն ընտրությանը չափազանց ցածր է եղել։ Որոշ ընտրատեղամասերում ժամեր շարունակ ընտրողներ ընդհանրապես չեն եղել։

Քվեարկությունն ուղեկցվել է զանգվածային խախտումներով, միևնույն անհատների ու խմբերի մասնակցությամբ բազմակի քվեարկություններով, քվեաթերթիկների լցոնումներով, դիտորդների նկատմամբ ճնշումներով։ Ընտրական գործընթացի շարունակականությունը խաթարվել է ընտրատեղամասերի մեծ մասում, որտեղ եղել են մուսավաթական թեկնածուներ, քվեարկության ավարտից հետո ձայներն անմիջապես չեն հաշվել։ Ընտրության նախնական արդյունքները հրապարակվել են վերևից թելադրված տվյալների հիման վրա։

Հաշվի առնելով վերոնշյալը՝ «Մուսավաթը» հայտարարել է, որ սեպտեմբերի 1-ին Միլի մեջլիսի արտահերթ ընտրությունն «ազատ և արդար չի եղել»։

«Ընտրությունը չի համապատասխանել միջազգային չափանիշներին և Ադրբեջանի պարտավորություններին այն միջազգային կազմակերպությունների նկատմամբ, որոնց երկիրը մասնակցում է»։

«Մուսավաթը» պահանջել է ընտրության չեղարկում, բարեփոխումների անցկացում, այդ թվում՝ ընտրական, որոնք ապահովում են իրավական պետության և ժողովրդավարական հասարակության կառուցումը, ինչպես նաև խորհրդարանի նոր ընտրության անցկացում: