Լավրովը՝ Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակման պայմանավորվածությունների չկատարման մասին

Լավրովը՝ Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակման պայմանավորվածությունների չկատարման մասին

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, ելույթ ունենալով Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական hամալսարանի ուսանողների հետ հանդիպման ժամանակ, անդրադարձել է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման թեմային, հերթական անգամ պայմանավորվածությունների չկատարման համար մեղադրել հայկական կողմին:  «Եթե Հայաստանի իշխանություններն, առանց Ռուսաստանի մասնակցության, ուղիղ բանակցություններ են վարում Ադրբեջանի հետ տրանսպորտային հաղորդակցության վերականգնման վերաբերյալ, ապա, ի սեր Աստծո, թող դա անեն»,- ասել է դիվանագետը:

Նրա խոսքով՝ Մոսկվան անհանգստացած է, որ 2020-2022 թվականներին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի մի քանի գագաթնաժողովներում կնքված եռակողմ համաձայնագրերը թուլացել են: Լավրովը նաև նշել է, որ պետական սահմանի սահմանազատման հարցում Ռուսաստանը պետք է խորհրդակցի այս գործընթացի մասնակիցների հետ, սակայն դա տեղի չի ունենում։ «Ոչ, նրանք չեն ցանկանում և միևնույն ժամանակ անընդհատ ձգտում են ներգրավել Արևմուտքին, ԱՄՆ-ին, Եվրամիությանը, Փարիզին, դա իրենց ընտրությունն է, բայց  անհրաժեշտ է բանակցել, առաջին հերթին, ադրբեջանցի հարևանների հետ, այլ ճանապարհ չկա»,- հավելել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։

Միևնույն ժամանակ, ըստ նրա, «բոլոր տարբերություններով և հակասություններով հանդերձ», Ռուսաստանը և նրա գործընկերները «հասկանում են, թե ով ինչի համար և հանուն ինչի է հանդես գալիս»: