Զգուշավոր լավատեսություն՝ ՌԴ և Ուկրաինայի բանակցությունների ընթացքի կապակցությամբ

Զգուշավոր լավատեսություն՝ ՌԴ և Ուկրաինայի բանակցությունների ընթացքի կապակցությամբ
https://www.youtube.com/watch?v=sMzQIC3dPhY

ՄԵՆՔ ԿԻՐԱԳՈՐԾԵՆՔ ՄԵՐ ԱՌՋԵՎ ԴՐՎԱԾ ԽՆԴԻՐՆԵՐԸ. ՊՈՒՏԻՆ

Դոնբասում և Ուկրաինայում ռուսական ռազմական գործողության հիմնական նպատակը «մարդկանց ցեղասպանությունից փրկելն է», հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ելույթ ունենալով Լուժնիկի մարզադաշտում Ռուսաստանին Ղրիմի միացմանը նվիրված միջոցառմանը, որին ներկա է ավելի քան 200,000 մարդ։

Վլադիմիր Պուտին (ՌԴ նախագահ) — Ուկրաինայում ռուս զինվորները ուս-ուսի աջակցում են միմյանց, եթե պետք է, եղբայրաբար մեկը մյուսին ծածկում, գնդակից պաշտպանում են իրենց մարմնով։ Մենք վաղուց այսքան միասնական չէինք եղել։ Գիտենք՝ ինչ ենք անելու հաջորդիվ, մենք անպայման կիրագործենք մեր առջև դրված խնդիրները։

ԶԵԼԵՆՍԿԻՆ ԿՈՉ Է ԱՐԵԼ ԱՎԵԼԱՑՆԵԼ ՌԴ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԸ

Ուկրաինական կողմը, սակայն, այլ կանխատեսումներ է արել։ Ռուսաստանի համար հետևանքները ծանր կլինեն՝ համոզված է Վոլոդիմիր Զելենսկին։ Նա կոչ է արել ավելացնել Մոսկվայի դեմ պատժամիջոցները։

Վոլոդիմիր Զելենսկի (Ուկրաինայի նախագահ) — Եթե Արևմուտքն Ուկրաինային առաջադեմ սպառազինություն չտրամադրի, արևմտյան երկրների առաջնորդների համար դա բարոյական պարտություն և հեղինակության ոչնչացում կնշանակի։ Իհարկե, մենք կշարունակենք անել՝ ինչ կարող ենք։ Սակայն որսորդական հրացաններով ռուսական հրթիռները չեն խոցվի:

Կիևի կանխատեսումներից մեկն էլ այն է, որ Ուկրաինայում ռազմական գործողությունների ակտիվ փուլը պետք է որ ավարտվի 2-3 շաբաթից։ Նման կարծիք է հայտնել Վոլոդիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավարի խորհրդական Ալեքսի Արեստովիչը։

«Կիևի, Խարկովի, Սումիի և Չեռնիգովի մերձակայքում ակտիվ մարտերն արդեն գրեթե դադարել են։ Ռուս զինծառայողները կորցնում են հարձակողական ներուժը, այժմ Կիևի գրավման վտանգ չկա, ապրիլին կիևցիները կկարողանան վերադառնալ իրենց տները», — հայտարարել է նա։

ԱՊԱՌԱԶՄԱԿԱՆԱՑՎԱԾ ԵՐԿՐԻ ՄԱՍԻՆ ԽՈՍՔ ԼԻՆԵԼ ՉԻ ԿԱՐՈՂ. ԱՐԵՍՏՈՎԻՉ

Անդրադառնալով Ուկրաինայում Ավստրիայի կամ Շվեդիայի օրինակով չեզոք ապառազմականացված պետություն ձևավորելու՝ Կրեմլի գաղափարին, Արեստովիչը նշել է, որ Ուկրաինան Ավստրիան, ոչ էլ Շվեդիան չէ։

«Այդ երկրները շրջապատված են «արժանապատիվ եվրոպացի հարևաններով», որոնք կայուն քաղաքականություն են վարում և սահմանների փոփոխություն չեն ցանկանում։ Մեր ինքնապաշտպանական ուժերը պետք է լինեն անկախ, ուստի ապառազմականացված պետության մասին խոսք լինել չի կարող», — հավելել է պաշտոնյան։

Արեստովիչի խոսքով՝ Ուկրաինան չէ խաղաղություն խնդրողը, այլ Ռուսաստանը։

Ալեքսի Արեստովիչ (Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական) — ՆԱՏՕ-ն մեզ չի ընդունում: Դաշինքի այդ դիրքորոշումը Ռուսաստանի սրտով է։ Դա Մոսկվայի հիմնական պահանջներից մեկն է։ Գուցե սա դառնա այն կետը, որի շուրջ հնարավոր լինի համաձայնության գալ։

ԼԱՎԱՏԵՍՈՒԹՅԱՆ ՀԻՄՔԵՐ ԿԱՆ. ՈՒԿՐԱԻՆԱՑԻ ՊԱՇՏՈՆՅԱ

«Կընդունի՞ արդյոք Ուկրաինան, որ Ղրիմը և Դոնբասն այլևս ուկրաինական տարածքներ չեն» հարցին Արեստովիչը պատասխանում է՝ դա անընդունելի է։

Զելենսկու գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակն ավելի լավատեսորեն է տրամադրված, ասում է՝ եթե սկզբում Ռուսաստանը կտրականապես հրաժարվում էր որևէ բան քննարկելուց, ապա այժմ լսում է Կիևի փաստարկները։

«Լավատեսության հիմքեր կան՝ հրադադար, ռուսական զորքերի դուրսբերում։ Որոշ կետերի հետ համաձայն են, որոշների հետ էլ՝ ոչ, հակափաստարկներ են ներկայացնում, մենք որոշակի փոխզիջումային դիրքորոշումներ ենք գտնում»,- նշել է նա:

Ռուս-ուկրաինական բանակցություններում ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին համակարծիք է՝ Հյուսիսատլանտյան դաշինքում Ուկրաինայի չլինելն այն թեման է, որի շուրջ Մոսկվան և Կիևը մոտ են համաձայնության։ Առաջընթաց կա նաև երկրի չեզոք կարգավիճակի հարցում, նշում է պաշտոնյան։

Կիևը չի կորցնում նաև Եվրամիությանն անդամակցության հույսը։ Չնայած Միությանն Ուկրաինայի արագացված ընթացակարգով միանալու դիմումը Զելենսկին ստորագրել էր դեռևս փետրվարի 28-ին, արագ արձագանք Ուկրաինան չի տեսնում։ Փոխարենը Եվրահանձնաժողովը խոստանում է մի քանի ամսվա ընթացքում որոշել անդամակցության թեկնածության հարցը։

ԻՐԱՎԻՃԱԿԻ ՀԱՆԳՈՒՑԱԼՈՒԾՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՋԱՆՔԵՐԸ

Չեն դադարում նաև Ուկրաինայի շուրջ իրավիճակը դիվանագիտական ճանապարհով լուծելու միջազգային ջանքերը։

Տեսակոնֆերանսի ձևաչափով տեղի է ունեցել ԱՄՆ և Չինաստանի նախագահներ Ջո Բայդենի և Սի Ծինփինի հեռախոսազրույցը։ Այն տևել է գրեթե 2 ժամ:

«Ճգնաժամն Ուկրաինայում այն չէ, ինչ Պեկինը ցանկանում էր տեսնել։ Բախումներն ու առճակատումը ձեռնտու չեն ոչ ոքի։ Խաղաղություն և անվտանգություն՝ ահա միջազգային հանրության ամենամեծ արժեքը», — ընդգծել է Չինաստանի ղեկավարը:

Նա նշել է՝ ԱՄՆ-ը և Չինաստանը պետք է ջանքեր գործադրեն համաշխարհային կայունություն հաստատելու ուղղությամբ։

Բայդենն, իր հերթին, կոչ է արել Պեկինին՝ ազդել Ռուսաստանի վրա՝ դադարեցնելու Ուկրաինայում ռազմական գործողությունը։

Չինական կողմը, սակայն, պնդում է՝ Պեկինն անկախ է՝ դիրքորոշման զբաղեցման հարցում։

Լարված է իրավիճակը ոչ միայն քաղաքական դաշտում։ Մարիուպոլի կենտրոնական հատվածում մարտերը շարունակվում են։ Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ամբողջ քաղաքում լսվում են կրակոցներ և պայթյուններ։ Քաղաքի կենտրոն տանող գլխավոր ճանապարհներն արգելափակված են։ Խաղաղ բնակչության տարհանումը մարդասիրական միջանցքներով շարունակվում է։