ԱՄՆ-ը ստուգում է Չինաստանից ուրանի ներմուծումը

ԱՄՆ-ը ստուգում է Չինաստանից ուրանի ներմուծումը

ԱՄՆ վարչակազմը ստուգում է Չինաստանից ուրանի մատակարարումները՝ կապված ռուսական ուրանի ներկրման արգելքի հնարավոր խախտման հետ։ Վաշինգտոնը կասկածներ ունի, որ Չինաստանը հարստացված ուրան է ներմուծում Ռուսաստանից, միաժամանակ սեփական արտադրանքն արտահանում ԱՄՆ, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով կառավարական շրջանակներում իրազեկ աղբյուրները։

Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է սահմանել ռուսական ուրանի դեմ՝ Ուկրաինայում պատերազմի պատճառով։ Միաժամանակ կտրուկ աճել են Չինաստանից ԱՄՆ հարստացված ուրանի մատակարարումները, ինչի մասին վկայում են ամերիկյան ITC առևտրային գործակալության տվյալները։

Միայն դեկտեմբերին Չինաստանից ներկրվել է գրեթե 243 տոննա հարստացված ուրան։ Ընդ որում, 2020-2022 թվականն ընկած ժամանակահատվածում Պեկինն ընդհանրապես այս տեսակի ապրանք չի մատակարարել ԱՄՆ։ 2022-2023 թվականներին Չինաստանի կողմից ռուսական հարստացված ուրանի գնումները զգալիորեն աճել են։

Սեպտեմբերին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է ուրանի, տիտանի և նիկելի արտահանման արգելքի հնարավորության մասին։