Ադրբեջանի խորհրդարանի ընտրության մասնակցությունը կազմել է 37,24 տոկոս

Ադրբեջանի խորհրդարանի ընտրության մասնակցությունը կազմել է 37,24 տոկոս

Ադրբեջանում բոլոր քվեաթերթիկների մշակումից հետո՝ իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցությունը հերթական անգամ հաղթանակ է գրանցել երկրի խորհրդարանի ընտրությունում: Միլլի Մեջլիսում  այն ստացել է 125 մանդատից 68-ը։ Ընդդիմադիր ուժերը միասին ստացել են 11 մանդատ։ Եվս 46 մանդատ ստացել են թեկնածուները, որոնք ներկայանում են որպես անկախ, սակայն, ըստ լրատվամիջոցների՝ աջակցում են իշխանություններին:

Ըստ ԿԸՀ-ի՝ մասնակցությունը կազմել է 37,24 տոկոս։ ԿԸՀ-ի հրապարակած տվյալները նախնական են։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը 20-օրյա ժամկետում պետք է ամփոփի վերջնական արդյունքները և արձանագրությունը ներկայացնի Սահմանադրական դատարանի հաստատմանը, որը 10-օրյա ժամկետում կհրապարակի իր վճիռը։

Այս տարի առաջին անգամ ընտրությունն անցկացվել է առանց ԵԽԽՎ դիտորդների: Երեկ օրվա ընթացքում տարածվել են ընտրախախտումների վերաբերյալ տարբեր տեսանյութեր. որոշ տեղամասերում գրանցվել են լցոնումներ, կրկնաքվեարկության դեպքեր, ճնշումներ են գործադրվել դիտորդների և լրագրողների վրա։