Կուրսկի մերձակայքում տարհանվում են սահմանամերձ երկու շրջանի բնակիչներ

Կուրսկի մերձակայքում տարհանվում են սահմանամերձ երկու շրջանի բնակիչներ

Ուկրաինային սահմանակից ՌԴ Կուրսկի մարզի Ռիլսկի և Խոմուտովսկի շրջաններում պարտադիր տարհանվելու են սահմանից 15 կիլոմետր հեռավորությամբ և ավելի մոտ գտնվող բնակավայրերի քաղաքացիները։ Այդ մասին հայտնել է շրջանի նահանգապետ Ալեքսեյ Սմիռնովը։

«Տեղի բնակիչների հեռանալու գործընթացի համակարգումը վստահված է իրավապահ մարմիններին, տեղական վարչակազմին և Կուրսկի «Հայրենասեր» կենտրոնի հսկիչներին:

Միաժամանակ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ռուսական զորքերը վերականգնել են վերահսկողությունը Կուրսկի արևմուտքում գտնվող երկու բնակավայրի՝ Ուսպենովկա և Բորկի գյուղերի հանդեպ, որոնք գտնվում են Սուջայի տարբեր կողմերում։

Ռուսաստանի պաշտպանության նախարարության տվյալով՝ ռազմական գործողությունները շարունակվում են, ռուսական ուժերը գրոհում են, ուկրաինական ուժերի հարձակումները հետ են մղվում: Այդ տարածքում մարտերը շարունակվում են օգոստոսի 6-ից, երբ Ուկրաինան հանկարծակի ներխուժեց Կուրսկի մարզ։

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին նախօրեին իր ելույթում կրկին հայտարարել է, որ Ուկրաինայի զինված ուժերի գործողությունը տարածաշրջանում ընթանում է «ճիշտ այնպես, ինչպես նախատեսված էր»։

Երկուշաբթի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն էլ՝ պատերազմի սկսվելուց հետո երրորդ անգամ, հրամայել է ավելացնել երկրի զինված ուժերի թիվը 180,000ով՝ հասցնելով 1,5 միլիոնի: Հրամանագիրն ուժի մեջ կմտնի դեկտեմբերին։