ՀՀ նախագահ ընտրվեց Վահագն Խաչատուրյանը

ՀՀ նախագահ ընտրվեց Վահագն Խաչատուրյանը

Ազգային ժողովի պատգամավորները քիչ առաջ ՀՀ նախագահի պաշտոնում ընտրեցին Վահագն Խաչատուրյանին։

Ընդդիմադիր պատգամավորները, ինչպես ավելի վաղ հայտնել էինք, չեն մասնակցել քվեարկությանը։

Խաչատուրյանն ընտրվեց 71 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայնով՝ ընտրության երկրորդ փուլով:

Հիշեցնենք՝ Վահագն Խաչատուրյանն առաջին փուլով չէր ընտրվել նախագահի պաշտոնում։ Նրա ընտրության համար հարկավոր էր 81 ձայն, ինչն ապահովել հնարավոր չէր եղել:

Ինչպես հայտնի է, հունվարի 23-ին Արմեն Սարգսյանը հայտարարեց ՀՀ նախագահի պաշտոնից հրաժարական տալու մասին: Մինչև Հանրապետության նորընտիր նախագահի պաշտոնի ստանձնումը՝ Հանրապետության նախագահի լիազորությունները կատարում է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը:

Հիշեցնենք՝ ՀՀ Ազգային ժողովում երեկվանից քննարկվում է Հայաստանի Հանրապետության նախագահի ընտրության հարցը։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը նախագահի թեկնածու է առաջադրել Վահագն Խաչատուրյանին, որը ներկայումս զբաղեցնում էր ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնը։