Թրամփին աջակցող Մասկի ընկերությունների աշխատակիցներն ավելի շատ գումար նվիրաբերել են Հարիսին, քան Թրամփին. Reuters

Թրամփին աջակցող Մասկի ընկերությունների աշխատակիցներն ավելի շատ գումար նվիրաբերել են Հարիսին, քան Թրամփին. Reuters

Իլոն Մասկին պատկանող Tesla-ի և SpaceX-ի, ինչպես նաև X-ի (նախկինում Twitter-ի) աշխատակիցները 2,75 անգամ ավելի շատ գումար են նվիրաբերել նախագահի դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսի նախընտրական արշավին, քան ընտրությունում նրա հիմնական մրցակցի՝ հանրապետական ​​Դոնալդ Թրամփի: Այդ մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով OpenSecrets ոչ առևտրային կազմակերպության տվյալները։

Լրատվականի տվյալով՝ Tesla-ի աշխատակիցները Հարիսին նվիրաբերել են մոտ 42,8 հազար դոլար, իսկ SpaceX կորպորացիայի աշխատակիցներն ավելի քան 34,5 հազար դոլար են ուղարկել ներկայիս փոխնախագահի շտաբ։ Մինչդեռ Թրամփի թիմը նրանցից ստացել է մոտ 7,6 հազար դոլար: X-ի թիմն ավելի քան 13,2 հազար դոլար է ուղարկել Հարիսին և 500 դոլարից պակաս նվիրաբերել հանրապետականին: Այսպիսով, ընդհանուր առմամբ, Մասկի ենթակաները մոտ 90,5 հազար դոլար են նվիրաբերել Հարիսի շտաբին, և 32,9 հազար դոլար՝ նրա մրցակցի թիմին։

Այս կապակցությամբ գործակալությունը հիշեցնում է, որ Մասկը բազմիցս հրապարակայնորեն պաշտպանել է Թրամփի թեկնածությունը նախագահական մրցապայքարում և քննադատել ամերիկյան ներկայիս վարչակազմը։ Այդ կապակցությամբ Reuters-ը նշել է, որ թեև նրա ընկերությունների աշխատակիցների ուղարկած նվիրատվությունների չափը բավական մեծ չէ ընտրության արդյունքների վրա ազդելու համար, սակայն արտացոլում է այն զգալի բացը, որը գոյություն ունի գործարարի և նրան պատկանող ընկերությունների աշխատակիցների քաղաքական հայացքների միջև։