Իմ մեծագույն երազանքն է Հայաստանի համար, որ երիտասարդները չվախենան հարևանի վարքագծից. Լյուքսեմբուրգի ԱԳ նախարար

Իմ մեծագույն երազանքն է Հայաստանի համար, որ երիտասարդները չվախենան հարևանի վարքագծից. Լյուքսեմբուրգի ԱԳ նախարար

Այստեղ եմ ոչ միայն որպես գործընկեր, այլև ընկեր: Առաջին երկիրն եք այս տարածաշրջանում, որ այցելում եմ՝ նպատակ ունենալով սերտացնելու Հայաստանի և Լյուքսեմբուրգի միջև հարաբերությունները: Մեծ պոտենցիալ կա՝ շարունակելու և զարգացնելու դրանք: 

Այդ մասին Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության փոխվարչապետ, ԱԳ և արտաքին առևտրի նախարար Քսավիե Բետելը:

Նրա խոսքով՝ Լյուքսեմբուրգը ևս դժվար հարևաններ է ունեցել իր պատմության ընթացքում, բայց հիմա անվտանգ, խաղաղ ու համերաշխ են ապրում նրանց հետ, ունեն ընդհանուր նախագծեր: 

«Իմ մեծագույն երազանքն է Հայաստանի համար, որ երիտասարդները կարողանան այնպիսի վիճակում ապրել, որտեղ վախ չկա, չվախենան հարևանի վարքագծից»,- ասաց Բետելը:

Նրա խոսքով՝ Հայաստանում երիտասարդները պետք է տեսնեն, որ ԵՄ-ն գլոբուսի մյուս կողմը չէ, այլ ավելի մոտ է:

«Այսօր այս համագործակցությամբ, որ սերտացնում ենք խաղաղության գործիքով, մուտքի արտոնագրերի ազատականացման գործընթացով, այս ամենը վկայությունն են այն ընդհանուր արժեքների, որ ունենք: Ուզում եմ, որ իմանաք, որ որպես ԵՄ՝ մենք պատասխանատվություն ենք կրում»,- նկատեց նա՝ ընդգծելով՝ Հայաստանը շատ քայլեր է կատարել օրենքի գերակայության տեսանկյունից, և իրենք գնահատում են Հայաստանի գործադրած ջանքերը:

«Պետք է գործընթացի նորմալացման արդյունքներ գրանցել ձեր հարևանների հետ: Մենք անցյալը փոխել  չենք կարող, սակայն պետք է դասեր քաղենք անցյալից: Ես հավատում եմ երկխոսությանը, իսկապես հավատում եմ, որ ձեր երկիրը ցույց է տալիս իր բաց լինելը այս հարթակում, որը դուք կազմակերպում եք: Ուժի կիրառումը երբեք հարցի պատասխան չէ: Ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ և Նիկոլ Փաշինյանին՝ ձեր ուժեղ առաջնորդության համար: Օրակարգ և ծրագիր ունենալը կարևոր է, սակայն գործընկերներին վստահելն ավելի կարևոր է»,- հավելեց Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարը: