Շվեդ հայտնի էկոակտիվիստ Գրետա Թունբերգը բողոքի ակցիա է կազմակերպում Բաքվում COP29-ի անցկացման դեմ

Շվեդ հայտնի էկոակտիվիստ Գրետա Թունբերգը բողոքի ակցիա է կազմակերպում Բաքվում COP29-ի անցկացման դեմ

Բաքվում մեկնարկել է COP29 գագաթնաժողովը, իսկ միջոցառմանը մասնակցելուց հրաժարված շվեդ հայտնի էկոակտիվիստ Գրետա Թունբերգը Թբիլիսիում պատրաստվում է բողոքի ակցիա անցկացնել ընդդեմ ադրբեջանական ավտորիտարիզմի:

Նա կոչ է արել միանալ Կովկասում տարածվող ավտորիտարիզմի և շահագործման ալիքի դեմ շարժմանը: «Ադրբեջանը, որպես քող օգտագործելով COP29-ը, ուժեղացնում է վերահսկողությունը կեղծ «կանաչ» օրակարգի շրջանակում, ամրապնդում է իր իշխանությունը և սրում լարվածությունը տարածաշրջանում: Ավելի քան 20 տարի Ադրբեջանի ռեժիմը՝ Ալիևի գլխավորությամբ, մարդկանց ճնշման տակ է պահել՝ խրախուսելով աղքատությունը, վախն ու լռությունը»,- գրել է Գրետա Թունբերգն Ինստագրամում։

Էկոակտիվիստի համոզմամբ՝ «Տարածաշրջանի ավտորիտար վարչակարգերն ուժեղացնում են վերահսկողությունը, ճնշում են այլակարծությունը, սեփական ժողովրդին և պատերազմն ու հայերի, ուկրաինացիների, քրդերի և այլ ազգային փոքրամասնությունների էթնիկ զտումներն օգտագործում են՝ արդարացնելու դաժան քաղաքականությունը: Նրանք, ովքեր բարձրաձայնում են՝ լրագրողներ, ակտիվիստներ, գիտնականներ, հաճախ ենթարկվում են բանտարկության և բռնության»։

Թունբերգը մեղադրել է նաև Հավաքական Արևմուտքին, որը, ըստ նրա, շարունակում է լեգիտիմացնել և ֆինանսավորել ճնշող վարչակարգերը՝ հանուն էներգիայի և շահույթի:

«Ռեսուրսների դիմաց աչք փակելով ճնշումների վրա՝ արևմտյան տերությունները մեղսակից են դառնում բռնաճնշումներին և տառապանքներին, որոնց բախվում են Կովկասի ժողովուրդները:

Կովկասյան ֆեմինիստական ​​հակապատերազմական շարժումը պահանջում է ավտորիտարիզմի, պատերազմի և կապիտալիստական ​​ագահությունից զերծ ապագա: Մենք պաշտպանում ենք իրական ազատությունը, հավասարությունը, արդարությունը և մի տարածաշրջան, որտեղ առաջին տեղում մարդիկ են, ոչ թե շահույթը»,- հայտարարել է շվեդ էկոակտիվիստը: