Մեկ շաբաթ է մնացել ԱՄՆ նախագահի ընտրությանը, թեկնածուները շարունակում են ընտրապայքարը, ելույթները տարբեր նահանգներում:
ԱՄՆ փոխնախագահ և նախագահի թեկնածու Քամալա Հարիսը Վաշինգտոնում բազմահազարանոց հանրահավաքում հանդես է եկել եզրափակիչ մեծ ելույթով: Նրա խոսքով՝ առաջիկա ընտրությունն «ավելին է, քան պարզապես ընտրություն երկու կուսակցության և երկու թեկնածուի միջև»:
«Սա ընտրություն է այն մասին, թե արդյոք մենք կունենանք ազատության վրա հիմնված երկիր յուրաքանչյուր ամերիկացու համար, թե՞ այն կկառավարվի քաոսով ու տարաձայնություններով»,- ասել է Հարիսն ու ընդգծել. «Եկել է ամերիկացի առաջնորդների նոր սերնդի ժամանակը»:
Հարիսի շտաբի գնահատմամբ՝ ցույցին ներկա է եղել ավելի քան 75000 մարդ:
Ըստ BBC-ի՝ հանրահավաքի վայրը պատահական չի ընտրվել՝ այն անցկացվել է Սպիտակ տան հարևանությամբ, Էլիպս կոչվող այգում։ Այնտեղ 2021 թվականի հունվարի 6-ին հանրապետական Դոնալդ Թրամփը ելույթ ունեցավ իր կողմնակիցների առաջ, որից հետո նրանցից ոմանք ներխուժեցին Կապիտոլիում:
Մինչ Հարիսը ելույթ է ունեցել Վաշինգտոնում, Դոնալդ Թրամփը նախընտրական հանրահավաք է անցկացրել Փենսիլվանիայում՝ առանցքային նահանգներից մեկը, որը կորոշի նախագահի ընտրության ելքը:
Թրամփը կրկնել է իր խոստումները՝ Սպիտակ տուն վերադառնալու դեպքում նվազեցնել գնաճը և «կասեցնել միգրանտների ներխուժումը» ԱՄՆ։
Անցյալ կիրակի էլ Թրամփը մեծ հանրահավաք է անցկացրել Մանհեթենի սրտում գտնվող Մեդիսոն Սքուեր Գարդենում, որտեղ նրան աջակցելու էին եկել միլիարդատեր Իլոն Մասկը և այլ հայտնիներ: