Հունգարիայի վարչապետը չի ներկայացնի ԵՄ-ն Վրաստան այցի ժամանակ. Բորել

Հունգարիայի վարչապետը չի ներկայացնի ԵՄ-ն Վրաստան այցի ժամանակ. Բորել

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Վրաստան կատարելիք իր պաշտոնական այցի ընթացքում չի ներկայացնի ԵՄ շահերը: Այդ մասին իսպանական RNE ռադիոկայանի եթերում հայտարարել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը։

«Անկախ նրանից, թե իր այցի ժամանակ ինչ կասի Օրբանը Վրաստանի իշխանությունների ներկայացուցիչներին, նա չի ներկայացնի Եվրամիությունը»,- ասել է Բորելը, միաժամանակ ընդգծել, որ Բրյուսելը հասկանում է Օրբանի այցի դրդապատճառները։

ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության ներկայացուցիչ Նաբիլա Մասրալին էլ Բրյուսելում կայացած ճեպազրույցում հաստատել է, որ Հունգարիայի վարչապետի այցը Վրաստան տեղի է ունենալու երկկողմ հարաբերությունների շրջանակում, նրան հանձնարարված չէ ներկայացնել ԵՄ-ը։

Հունգարացի քաղաքական գործչի երկօրյա այցը Թբիլիսի հայտնի դարձավ հոկտեմբերի 27-ին։ «Հոկտեմբերի 29-ին Վրաստանի կառավարության շենքում տեղի կունենա վարչապետ Օրբանի դիմավորման պաշտոնական արարողությունը։ Հունգարացի գործընկերոջը կընդունի հանրապետության վարչապետ Իրակլի Կոբախիձեն»,- ասել են Վրաստանի կառավարության ներկայացուցիչները։