Ուկրաինայի և Կորեայի Հանրապետության նախագահները հեռախոսազրույց են ունեցել: Վոլոդիմիր Զելենսկին հայտնել է, որ օրակարգում է եղել Կիևին Սեուլի ռազմական, հումանիտար և քաղաքական աջակցությունը:
Անդրադարձ է եղել նաև տեղեկություններին, որ Հյուսիսային Կորեան զինվորականներ է ուղարկել ռուսական բանակի կազմում Ուկրաինայի դեմ կռվելու համար: Զելենսկին տեղեկացրել է, որ 3000 հյուսիսկորեացի զինվորական տեղափոխվել է շփման գծից ոչ հեռու գտնվող ռուսական ուսումնամարզական բազաներ: Ուկրաինայի նախագահի խոսքով՝ նրանց թիվը կարող է հասցվել 12000-ի։ Նախագահները պայմանավորվել են փոխանակվել հետախուզական տվյալներով և պատասխան քայլերի ռազմավարություն մշակել:
Թեմային է անդրադարձել ԱՄՆ նախագահը, ստեղծված իրավիճակը որակել «շատ վտանգավոր»: Պենտագոնի խոսնակն էլ հավանական է համարել, որ հյուսիսկորեացի զինվորականները շարժվում են Կուրսկի ուղղությամբ։ Սաբրինա Սինգհը նախազգուշացրել է՝ եթե Հյուսիսային Կորեան մտնի հակամարտության մեջ, Վաշինգտոնն ամերիկյան զենքի օգտագործման հարցում Ուկրաինայի համար նոր սահմանափակումներ չի կիրառի:
Ավելի վաղ՝ ԲՐԻՔՍ-ի գագաթնաժողովում, Վլադիմիր Պուտինը հայտարարել է՝ թե ինչպես Մոսկվան և Փհենյանը կյանքի կկոչեն երկրների միջև ստորագրված ռազմավարական գործընկերության համաձայնագիրը, միայն իրենց գործն է: Ռուսաստանի նախագահը նաև նշել է, թե ՆԱՏՕ-ի զորքերն արդեն վաղուց անմիջականորեն ներգրավված են ուկրաինական հակամարտությանը: