Շոլցը Թրամփի հետ քննարկել է Գերմանիայի և ԱՄՆ-ի համագործակցությունը

Շոլցը Թրամփի հետ քննարկել է Գերմանիայի և ԱՄՆ-ի համագործակցությունը

Կիրակի՝ նոյեմբերի 10-ին, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն իր առաջին պաշտոնական հեռախոսազրույցն է ունեցել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Կողմերը քննարկել են Բեռլինի և Վաշինգտոնի միջև «երկարատև համագործակցության» շարունակությունը, լրատվամիջոցներին ասել է Գերմանիայի կառավարության խոսնակ Շտեֆեն Հեբեշտրայթը։

Ըստ խոսնակի՝ Շոլցը Թրամփին առաջարկել է «շարունակել երկու երկրի կառավարությունների միջև տասնամյակների հաջող համագործակցությունը»։ Զրույցի ընթացքում քաղաքական գործիչները քննարկել են «աշխարհաքաղաքական ընթացիկ խնդիրները» և պայմանավորվել են «միասին աշխատել՝ խաղաղությունը Եվրոպա վերադարձնելու համար»։ Միաժամանակ, Գերմանիայի կառավարության ներկայացուցիչն ուղղակիորեն չի հիշատակել Ուկրաինայում պատերազմի մասին, որի արագ ավարտ է խոստացել ամերիկացի քաղաքական գործիչը:

Ավելի վաղ կանցլեր Շոլցը գերմանական ARD հեռուստաալիքին տված հարցազրույցում հույս է հայտնել, որ Թրամփը կշարունակի կատարել Բեռլինի և Վաշինգտոնի միջև ռազմական համագործակցության վերաբերյալ Ջո Բայդենի ստանձնած պարտավորությունները: Խոսքը վերաբերում է Գերմանիայում հեռահար հրթիռներ տեղակայելու` Միացյալ Նահանգների մտադրությանը, գործընթաց, որը պետք է սկսվի 2026 թվականին։