Հավատում ենք, որ Ձեր նոր նախագահության շրջանում Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև հարաբերություններն էլ ավելի կամրապնդվեն. Ալիևը՝ Թրամփին

Հավատում ենք, որ Ձեր նոր նախագահության շրջանում Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև հարաբերություններն էլ ավելի կամրապնդվեն. Ալիևը՝ Թրամփին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորել է Դոնալդ Թրամփին՝ ԱՄՆ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։

«Ընտրություններում Ձեր ձեռք բերած վստահ հաղթանակը ցայտուն արտահայտությունն է բարեկամ ամերիկացի ժողովրդի վիթխարի աջակցության և վստահության՝ անձամբ Ձեր և այն քաղաքական գծի նկատմամբ, որը Դուք հետապնդում եք: Ադրբեջանը հատուկ նշանակություն է տալիս Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների համակողմանի զարգացմանը»,- հայտարարել է Ալիևը:

Ադրբեջանի նախագահը հիշեցրել է, որ իր առաջին նախագահության ընթացքում Թրամփը մեծ ուշադրություն է դարձրել Ադրբեջանի և Միացյալ Նահանգների միջև բարեկամության և համագործակցության կապերի ամրապնդմանը, համագործակցության կայուն և հետևողական զարգացմանը։

«Գոհունակությամբ ուզում եմ նշել, որ այդ ժամանակահատվածում փոխադարձ վստահության և աջակցության վրա հիմնված մեր գործընկերությունը, այդ թվում՝ համատեղ գործունեությունը մի շարք կարևոր ոլորտներում, հատկապես՝ գլոբալ մարտահրավերների և ահաբեկչության դեմ պայքարում, միջազգային խաղաղության և անվտանգության ամրապնդման, Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապահովման գործում, բնութագրվել է դինամիկ և աճող զարգացմամբ: Ցանկանում եմ հատուկ նշել Ձեր մշտական վճռական աջակցությունն Ադրբեջանի էներգետիկ ռազմավարությանը։

Օգտվելով Միացյալ Նահանգների հետ մեր փոխգործակցության հսկայական ներուժից՝ մենք ձգտում ենք ընդլայնել և խորացնել մեր երկկողմ գործընկերությունը բոլոր ոլորտներում, ներառյալ՝ քաղաքական, առևտրատնտեսական, անվտանգության, էներգետիկայի, բնապահպանական և թվային անցման և այլ ոլորտներում: Հավատում ենք, որ Ձեր նոր նախագահության շրջանում Ադրբեջանի և Միացյալ Նահանգների միջև հարաբերություններն էլ ավելի կամրապնդվեն, կսահմանվեն համագործակցության նոր ոլորտներ: Ադրբեջանը շարունակելու է իր գործունեությունը Հարավային Կովկասում խաղաղության և անվտանգության ամրապնդման ուղղությամբ»,- ասել է Ադրբեջանի նախագահը։

Ալիևը վստահություն է հայտնել, որ կողմերը կշարունակեն համատեղ ջանքեր գործադրել՝ ամրապնդելու ադրբեջանա-ամերիկյան բարեկամական հարաբերությունները և խթանելու գործընկերությունը՝ հիմնված երկու երկրի ազգային շահերի վրա, ներառյալ ազգային անվտանգության շահերը։