Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի բանակցությունները չեն կարող տարածվել Արցախի կարգավիճակի և նրա հետագա ճակատագրի վրա: Արցախի խորհրդարանում, պատասխանելով պատգամավորի հարցին, հայտարարել է Արցախի արտգործնախարարը:
Դավիթ Բաբայանը վերահաստատել է պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշումը՝ շարունակել անկախության ճանապարհը: Հիմնախնդիրը լուծելու մանդատ ունի միայն ԵԱՀԿ Մինսկի Խումբը, հիշեցրել է Արցախի խորհրդարանի ղեկավարը և ընդգծել՝ Հայաստան-Ադրբեջան սահմանագծում և սահմանազատումը չի տարածվում Արցախի վրա:
Արթուր Թովմասյան (Արցախի ԱԺ նախագահ) — Արցախի կարգավիճակի հարցը ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատին է տրված: ԵԱՀԿ ՄԽ մանդատին հավանություն են տվել պաշտոնական Բաքուն, Երևանը և Ստեփանակերտը: Առայժմ ոչ էլ Բաքուն է հրաժարվել ԵԱՀԿ ՄԽ-ից, եթե ասում են՝ Արցախի հարցը լուծել են, թող գրեն, որ դուրս են գալիս այդ ֆորմատից:
Դավիթ Բաբայան (Արցախի արտաքին գործերի նախարար) — Պարզապես անընդունելի է, մերժելի է` Ադրբեջանի հետ Արցախը որևէ առնչություն ունենա որպես մեկ ընդհանուր պետություն, առավել ևս` ինչ-որ ստորադասային կարգավիճակով: Մենք չենք լինելու Ադրբեջանի կազմում, մենք շարունակելու ենք դե ֆակտո լինել անկախ պետություն, նորմալ պետք է զարգացնենք մեր երկիրը: