Ուկրաինայի Զինված ուժերը երկու անգամ փորձել են ճեղքել Խերսոնի շրջանի պաշտպանությունը, սակայն անհաջողության են մատնվել՝ ասել է շրջանի ռազմաքաղաքացիական վարչակազմի ղեկավարի տեղակալ Կիրիլ Ստրեմոուսովը՝ գրում է ՌԻԱ Նովոստին։
Նրա խոսքով՝ ուկրաինացի զինվորականները փորձել են ճեղքել պաշտպանական գիծը Դավիդով Բրոդ գյուղի մոտ, գրավել կամուրջը և կտրել Խերսոնի և Զապորոժիեի շրջանների միջև կապը, սակայն չեն կարողացել իրականացնել իրենց ծրագրերը և կորուստներ են կրել։
Ստրեմոուսովը հավելել է, որ ռազմական գործողությունների հետևանքով մոտ 70 ուկրաինացի զինծառայող է սպանվել։ Ռուսական կողմի տվյալներով՝ առաջին փորձի ժամանակ ուկրաինական կողմը «կորցրել է մոտ 200 մարդ և 20 միավոր տեխնիկա»։
Մայիսի 28-ին Խերսոնի շրջանի իշխանությունները որոշել են, անվտանգության նկատառումներից ելնելով, փակել սահմանները Ուկրաինայի հսկողության տակ գտնվող շրջանների հետ։
Ստրեմոուսովն ասել է նաև, որ տարածաշրջանը Ռուսաստանին միացնելու հարցը կլուծվի մինչև 2023 թվականը։ Նրա խոսքով՝ ժամանակի վրա կարող են ազդել ռազմական գործողությունները, ու քիչ հավանական է համարել հարցի լուծումն աշնանը։