ԵՄ խորհուրդն ուրբաթ հաստատել է հակառուսական պատժամիջոցների վեցերորդ փաթեթը, որոնք ազդում են տնտեսական հատվածի, ինչպես նաև Ռուսաստանի և Բելառուսի ֆիզիկական անձանց վրա, ասվում է ԵՄ խորհրդի կայքում հրապարակված մամուլի հաղորդագրության մեջ։
Նոր պատժամիջոցների շրջանակում ԵՄ-ն արգելք կսահմանի Ռուսաստանից հում նավթի և որոշ նավթամթերքների ներմուծման հանդեպ։ Նշվում է, որ հում նավթից հրաժարումը կտևի մոտ վեց ամիս, իսկ նավթամթերքից՝ մինչև ութ ամիս։
ԵՄ խորհրդի հայտարարությունը հաստատում է, որ միության առանձին երկրների համար նախատեսված են ժամանակավոր բացառություններ։ Մի շարք երկրներ, մասնավորապես՝ Հունգարիան, որոշ ժամանակ կկարողանա շարունակել հումքի ներկրումը Դրուժբա խողովակաշարով։ Բուլղարիային թույլատրվում է ժամանակավորապես Ռուսաստանից նավթ ներկրել ծովով, իսկ Խորվաթիան կպահպանի որոշ նավթամթերքներ ներկրելու հնարավորությունը։
Բացի դրանից՝ պատժամիջոցները ենթադրում են ռուսական ևս երեք բանկի՝ «Սբերբանկ», «Մոսկվայի Կրեդիտ Բանկ» և «Ռոսսելխոզբանկ», ինչպես նաև Բելառուսի զարգացման և վերակառուցման բանկի անջատում միջազգային SWIFT համակարգից։
ԵՄ-ն արգելք կսահմանի նաև Ռուսաստանին հաշվապահական, խորհրդատվական և հասարակայնության հետ կապերի ծառայությունների մատուցման վրա։
Եվրամիության պատժամիջոցների ցուցակներում կներառվեն մի շարք ֆիզիկական և իրավաբանական անձինք, այդ թվում՝ ձեռնարկատերեր և նրանց ընտանիքների անդամներ, Ռուսաստանի իշխանությունների, ինչպես նաև պաշտպանական ձեռնարկությունների և մեկ ֆինանսական հաստատության ներկայացուցիչներ։
Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթի շրջանակում կդադարեցվի ռուսական մի շարք հեռուստաալիքների՝ «Россия РТР/Планета РТР», «Россия 24» և «TV Center International»-ի, հեռարձակումը ԵՄ տարածքում։
Բրյուսելը պնդում է, որ Ռուսաստանի իշխանություններն օգտագործում են այդ ուղիները «տեղեկատվության մանիպուլյացիայի» և ապատեղեկատվություն տարածելու համար՝ Եվրամիությունում իրավիճակն ապակայունացնելու նպատակով։
Պատժամիջոցներն ուժի մեջ կմտնեն ԵՄ պաշտոնական տեղեկագրում հրապարակվելուց հետո, որը սպասվում է ուրբաթ ավելի ուշ։