Ասիայի, Աֆրիկայի և Լատինական Ամերիկայի շատ երկրներ շարունակում են կապեր պահպանել Ռուսաստանի հետ՝ չնայած Մոսկվային մեկուսացնելու ԱՄՆ փորձերին։ Այդ մասին գրել են ամերիկյան The New York Times թերթի սյունակագիրները։
Հոդվածում նրանք թվարկել են այն երկրները, որոնք դիմադրում են Ռուսաստանին ուղղված Վաշինգտոնի պահանջներին։ Մասնավորապես, Բրազիլիան, Հնդկաստանը և Պարսից ծոցի արաբական երկրները հրաժարվել են հակառուսական պատժամիջոցներ կիրառելուց և Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելուց։ Հրապարակախոսների կարծիքով՝ Ռուսաստանը կարողացավ ռուբլու վերականգնմանը հասնել BRICS-ի երկրների, ինչպես նաև Վենեսուելայի և Թաիլանդի հետ առևտրային հարաբերությունների պահպանման շնորհիվ։
Հիշեցվում է նաև, որ Չինաստանը դատապարտել է Ռուսաստանի դեմ կոալիցիան ընդլայնելու Վաշինգտոնի փորձերը։ Ավելին՝ Ուգանդան, Պակիստանը և Վիետնամը մեղադրել են ԱՄՆ գլխավորած կոալիցիային՝ Ուկրաինային ռազմական օգնություն ցույց տալու պատճառով խաղաղ բանակցությունների ցանկացած հնարավորություն մերժելու համար: Ըստ հեղինակների՝ ԱՄՆ պաշտոնյաները գիտակցում են դժվարությունները, որոնք կապված են այլ երկրներին համոզելու փորձի հետ՝ իրենց շահերը համաձայնեցնել Ռուսաստանին մեկուսացնելու Վաշինգտոնի ցանկության հետ:
Ավելի վաղ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ ոչ բարեկամ երկրները չեն կարողանում և չեն կարողանա մեկուսացնել Ռուսաստանին։