Դոնբասում ամեն օր զոհվում կամ վիրավորվում է մինչև 1000 ուկրաինացի զինվոր. Արախամիա

Դոնբասում ամեն օր զոհվում կամ վիրավորվում է մինչև 1000 ուկրաինացի զինվոր. Արախամիա



«Ժողովրդի ծառա» խմբակցության ղեկավար Դավիթ Արախամիան հայտարարել է, որ Դոնբասում օրական մինչև 1000 ուկրաինացի զինվոր է զոհվում կամ վիրավորվում։
«Օրական միջինը զոհվում է 200-500 մարդ»,- շեշտել է նա՝ ԱՄՆ այցի շրջանակում, գրում է kommersant.ru-ն։
Արախամիան, սակայն, համոզված է, որ չնայած կորուստներին, Ուկրաինան Դոնբասում պայքարելու ուժ ունի: Նրա խոսքով՝ Ուկրաինան մոբիլիզացրել է 1 միլիոն մարդու և հնարավորություն ունի կանչել ևս 2 միլիոնի։
«Մեր բանակցային դիրքերը իրականում բավականին թույլ են, և այդ հնարավորություններով չենք ուզում նստել բանակցությունների սեղանի շուրջ: Պետք է ինչ-որ կերպ շրջել իրադարձությունները ընթացքը»,- ասել է Արախամիան և հավելել, որ ուկրաինացի զինվորականները պետք է անցնեն հակահարձակման՝ տարածքները վերադարձնելու համար։
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Զելենսկին հայտարարել էր, որ օրական 60-100 ուկրաինացի զինվոր է զոհվում, 500 մարդ՝ վիրավորվում։ Նույն օրը Զելենսկու գրասենյակի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հայտնել էր, որ Ուկրաինայի օրական կորուստները տատանվում են 100-200 մարդու սահմանում։

Վերջին անգամ ՌԴ ՊՆ-ն կորուստների մասին հայտնել է մարտի 25-ին։ Այն ժամանակ զոհվել էր 1351 ռուս զինծառայող, 3825-ը վիրավորվել էին։