«Եռատոն 2017» Երկրորդ Բացօթյա Փառատոնը կայացավ Դիդգորիում

«Եռատոն 2017» Երկրորդ Բացօթյա Փառատոնը կայացավ Դիդգորիում

Մայիսի 9-ին Շուշիի ազատագրման 25 ամյակի կապակցությամբ կայացել է
«Վրաստանի Հայ Համայնքի» «Եռատոն 2017» երկրորդ բացօթյա փառատոնը։ «Եռատոն
2017» բացօթյա փառատոնը կայացել է պատմական Դիդգորիի դաշտավայրում։

«Եռատոն 2017» բացօթյա փառատոնի անցկացման վայրը պատահականորեն ընտրված չի
եղել ։

1992թ․-ի մայիսի 8-9-ին հայ կամավորական ջոկատները անհնարինն արեցին՝
ազատագրեցին Շուշի քաղաք-ամրոցը։ Շուշիի՝ որպես ռազմավարական դիրքում
տեղակայված և բազմաթիվ ադրբեջանցի ռազմական ենթակառույցներով, գերզինված,
վարձկան զինվորներով լի քաղաքի ազատագրումը ռազմական գործողության
տեսանկյունից եզակի դեպք էր։ Հենց Շուշիի ազատագրումը դարձավ թվաքանակով մի
քանի անգամ հայկական կողմին գերազանցող հակառակորդին հաղթելու բեկումնային
պահը։ Շուշիի ազատագրումը դարձավ Արցախյան հողի և ժողովրդի ազատագրման
սկիզբը։

Հարկ է նշել, որ 896 տարի առաջ նման հաղթանակ է տարել Վրաց
Թագավորությունը։ Տասնյակ տարիների ընթացքում Վրաստանը բռվագրավված է եղել
թուրք զինվորների կողմից։ 1121թ․-ին օգոստոսի 12-ին Վրաց Թագավորության
զինվորները Բագրատունիների տոհմից թագավոր Դավիթ IV Շինարարի
ղեկավարությամբ անհավանական հաղթանակ են տարել, այնպես, ինչպես Արցախյան
պատերազմի դեպքում էր՝ վրացական զինվորների թվաքանակին մի քանի անգամ
գերազանցող թուրքական բանակի դեմ։ Այդ հաղթանակը տարվել է Դիդգորիի
դաշտավայրում։ Հենց Դիդգորիի ճակատամարտն էր այն բեկումնային պահը, որը
հետագայում հանգեցրեց Վրաստանի ազատագրմանը թուրքական բռնակալությունից,
ինչպես նաև հանգեցրեց Վրաց Թագավորության Ոսկե Դարին։

«Վրաստանի Հայ Համայնքի» «Եռատոն 2017» փառատոնի մասնակիցները և հյուրերը՝
ավելի քան 200 մարդ, վաղ առավոտյան Թբիլիսիից շարժվել են դեպի Դիդգորիի
դաշտավայր՝ պատմական ճակատամարտի հերոսներին հավերժացնող հուշարձանի մոտ։

Ցավոք, Դիդգորիի ճակատամարտի հերոսների հուշարձանին «Եռատոն-2017»-ի
հյուրերը և մասնակիցները չկարողացան այցելել: Դիդգորիի դաշտավայրից մինչև
հերոսների հուշահամալիրը մի քանի կիլոմետր է: Մի քանի կիլոմետր, որը
հատկապես անձրևոտ եղանակին հնարավոր չէ անցնել ոչ մի տեսակի երթուղայինով,
բացի երևի թե տանկից…

Թերևս, այդպես ստացվեց, որ որակյալ ճանապարհներով հպարտացող ժամանակակից
Վրաստանում երկրի իշխանությունները անհրաժեշտ չեն համարել կառուցել
Վրաստանի պետության ամբողջ պատմության ընթացքում մեծագույն հաղթանակի
խորհրդանշի՝ դեպի հուշարձան տանող մի քանի կիլոմետր ճանապարհահատվածը: Դե
ինչ, պատվել, թե՞ մոռացության մատնել իր անցյալը, իր հերոսներին դա ամեն
ազգի և ժողովրդի անձնական գործն է:

«Եռատոն-2017» երկրորդ բացօթյա փառատոնը կայացավ Դիդգորի գյուղում՝
Դիդգորիի դաշտավայրում:

Ծրագրված ժամին կայացավ «Եռատոն 2017» երկրորդ բացօթյա փառատոնի տոնական
համերգը։ Համերգային ծրագրում մասնակցություն ունեցան «Վանք», «Տարոն»,
«Անի», «Ջեյրան», «Մուշ» պարային համույթները, Վիրահայոց Թեմին կից գործող
Հայարտուն կենտրոնի դուդուկի և դհոլի համույթները, ինչպես նաև երգիչներ
Նինա Կարապետյան-Գևորգովան և բանաստեղծուհի Մոնիկա Քուրքչյանը։

Տոնական համերգի ավարտից հետո «Եռատոն 2017» փառատոնի մասնակիցների և
հյուրերի համար կազմակերպվեց բացօթյա ճաշկերույթ, որը տևեց մինչ ուշ երեկո։
200 հոգուց ավելի՝ Թբիլիսիից Դիդգորի ժամանած միջոցառման մասնակիցները՝
դպրոցականներ, ուսանողներ, նրանց ընտանիքները, իրոք, ժողովրդական,
համայնքային ժամանց անցկացրին։

Վրաստանի Հայ Համայնք