Այս նախագիծը իրականացվում է Javakhkmedia.com-ի, Akhaltskha.Net-ի եւ Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական կենտրոնի համատեղ ջանքերով: Նախագծի սահմաններում զրուցելու ենք տարբեր վերլուծաբանների, փորձագետների, քաղաքական ու հասարակական գործիչների հետ Ջավախքում թուրքական գործոնի ակտիվացման շուրջ:
Մեր հյուրն է ԱՄՆ-ի Գեոպոլիտիկ ակումբի նախագահ՝ Գարեգին Նալբանդյանը:
Ի՞նչ կոնկրետ փաստեր կարող եք ներկայացնել Ջավախքում, Վրաստանի այլ շրջաններում եւ տարածաշրջանում ընդհանրապես թուրքական գործոնի աճի վերաբերյալ:
Նախ ողջունում եմ Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական Կենտրոնի, Ջավախք Մեդիայի, և Akhaltskha.net-ի համատեղ ծրագիրը:
Իրոք մտահոգիչ է Սամցխե-Ջավախքում թուրքական գործոնի ակտիվացումը, որն իրականացվում է Վրաստանի Հանրապետության իշխանության լուռ համաձայնությամբ: Այն ինչը Վրաստանի իշխանությունը ներկայացնում է որպես ներդրումներ Վրաստանում, իրականում Փոքր Ասիայի և Ադրբեջանի Հանրապետության թուրքերը ներդրումներ են կատարում ոչ միայն թուրքական քաղաքական ազդեցությունն ուժեղացնելու Վրաստանում այլ նաև ծրագրված Վրաստանին ենթարկում են տնտեսական կախվածության այդ երկու հարեւաններից: Եթե դրան նաև գումարենք Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան եռակողմ ռազմական համագործակցությունը ու վարժանքները, ապա կարելի է պատկերացնել, որ Վրաստանը բռնել է թուրքացման ուղին և մոտ ապագայում կարող է դառնալ Գուրջիստան, այսինքն թրքացած պետություն, ինչպես եղել է նախկինում:
Արդեն Բաքվի հատուկ ծառայություններն իրենց թույլ են տալիս Վրաստանից մարդկանց գողանալ: Հնարավոր է, որ Վրաստանի իշխանությունն իր համաձայնությունը տվել և համագործակցել է Բաքվի հետ, հնարավոր է որ չի համագործակցել, բայց այդ փաստն արդեն մտահոգիչ է, որ Եվրոմիությանը անդամակցել ցանկացող երկրում կարող են մարդկանց գողանալ ու մարդիկ պաշտպանված չեն Վրաստանի իշխանության կողմից: Առավել մտահոգիչ է դառնում Վրաստանում ապրող հայերի կարգավիճակն ու անվտանգությունը, հատկապես Սամցխե-Ջավախքում, որը կարող է Վրաստանի համար պատնեշ և պաշտպանական արգելք հանդիսանալ թուրքական նվաճողական քաղաքականության խափանման հարցում և Վրաստանի հարեւան Հայաստանի հետ կապող կամուրջ դառնալ: Այո, այդքան կարեւոր է Սամցխե-Ջավախքի աշխարհագրական դիրքը, ինչպես թուրքերի, այնպես էլ վրացիների և հայերի համար: Վրաստանի ոխերիմ հակառակորդ Ռուսաստանը Թուրքիայի հետ միշտ հսկել են Կովկասն ու Անդրկովկասը և հիմա առիթ է բացվել Եվրոպա-Իրան տնտեսա-քաղաքական համագործակցության միջոցով թուրքերին և ռուսներին հեռացնել տարածաշրջանից: Դրանով է նաեւ պայմանավորված թուրքական ակտիվությունը Վրաստանում և հատկապես Սամցխե-Ջավախքում, իսկ Վրաստանը թուրքերին համարելով Ռուսաստանի թշնամի ավելի է մերձենում թուրքերի հետ: Նույն սխալն է անում նաև Հայաստանը Ռուսաստանին համարելով թուրքերի թշնամի: Իրականում Թուրքիա-Ռուսաստան-Ադրբեջան եռակողմ դաշինքը ավելի խորն է քան Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան թվացյալ դաշինքը և տարածաշրջանի ժողովուրդները այդ փաստը չհասկանալով ձգտում են կամ ռուսական կամ թուրքական բեւեռին, և այդպես 1700-ականներից առ այսօր Ռուսաստանն ու Թուրքիան իրար մեջ են պահում Կովկասի ու Անդրկովկասի բոլոր ազգություններին ասիմիլյացիայի և ֆիզիկական բնաջնջման ճանապարհով վերացնելով երկու ռեգիոնալ գերտերությունների արանքում գտնվող բնիկ ազգերին:
Ինչպե՞ս կարելի է հակազդել թուրքական ակտիվությանը Վրաստանում և հատկապես Սամցխե–Ջավախքում:
Հակազդելու շատ միջոցներ կան: Օրինակ` տեղեկատվական և բացատրական աշխատանքներ իրականացնելով, հայերի ներգաղթ կազմակերպելով, Եվրոպա-Իրան կապն ապահովելու միջոցով և այլն: Պետք է բիզնես ծրագրեր ստեղծել հայ և օտար ներդրողներին շահագրգռելու համար: Ինչու չէ նաև հայամետ վրացիների վրա ներդրումներ անել, որպեսզի հայկական գործոնը հաղթի թուրքականին:
Ի՞նչ կարող են անել ՀՀ իշխանությունները այս ուղղությամբ, որպեսզի հակազդեն թուրքական ակտիվությանը Սամցխե–Ջավախքում:
Կարճ ասած, Սամցխե-Ջավախքի Հայությունը կարող է շատ ակնկալիքներ չունենալ Հայաստանի իշխանությունից: Կարելի է Սփյուռքի Հայությանը ներգրավել, որպեսզի հակազդեն թուրքական ակտիվությանը Վրաստանում և հատկապես Սամցխե-Ջավախքում, բայց հայտնի չէ թե ինչպես կվերաբերվեն այդ քայլին վրացիներն ու Վրաստանի իշխանությունները:
Ի՞նչ քաղաքականություն պետք է մշակեն Ջավախքի Հայկական կազմակերպությունները հակազդելու համար թուրքական ակտիվությանը:
Նախ` պետք է Սամցխե-Ջավախքի հայերի և վրացիների մտահոգություններն արտահայտող փաստաթուղթ պատրաստեն և ստորագրահավաք կազմակերպեն այդ փաստաթղթին քաղաքական ուժ տալու համար: Դա պետք է անել գաղտնի, որպեսզի թուրքերն ու թուրքամետ վրացիներն այդ մասին չիմանան և չխանգարեն ձեր գործընթացը: Երկրորդ` ստորագրահավաքն ու փաստաթուղթը պետք է ներկայացնել դատական մարմիններին ներկայացնելով թուրքերի հանցագործությունների և անմարդկային դեպքերի մասին ապացույցներ, որպեսզի ցույց տաք թուրքերի ակտիվության բացասական ու անցանկալի, մտահոգիչ ու տագնապալի հետեւանքները Վրաստանի դատարաններում և օրենքով պայքարեք նրանց դեմ: Մյուս տարբերակը կլինի այն, որ սփյուռքի հայերին շահագրգռեք ներդրումներ անել և ներգաղթել Ջավախք: Կարելի է կապեր հաստատել և քույր-քաղաքներ ստեղծել Սամցխե-Ջավախքի շրջանների և սփյուռքի հայաշատ քաղաքների միջև: Օրինակ` Գլենդեյլը և Ախալցխան կարող են լինել քույր-քաղաքներ, Մոնթռեալն ու Ախալքալակը կարող են լինել քույր-քաղաքներ և այլն: Կարծում եմ դա կհետաքրքրի Վրաստանի իշխանությանը: Կարելի է նաև ստեղծել Սամցխե-Ջավախքի տնտեսական զարգացման համակարգող խումբ, որը կլինի արտոնված մարմին Վրաստանի իշխանության կողմից և պաշտոնապես կզբաղվի սփյուռքում ապրող հայերի ներդրումների ծրագրով: Այդ համակարգող խումբը կլինի նաև Սամցխե-Ջավախքի հայությանը համախմբող և ղեկավարող մարմին:
Ձեր կարծիքով արդյոք պատրա՞ստ են Վրաստանի ու Հայաստանի իշխանությունները համագործակցել ընդդեմ թուրքական վտանգի.
Կարծում եմ, որ Հայաստանի և Վրաստանի իշխանությունները չեն համագործակցի Ջավախքի հարցում, չնայած, որ Հայաստանի եւ Վրաստանի շահերից է բխում այդ համագործակցությունը, բայց Հայաստանում և Վրաստանում կան իրարամերժ զգացմունքներ կապված ռուսների և թուրքերի հետ, որի պատճառով էլ չեն համագործակցի:
Արդյոք չե՞ք կարծում, որ Սամցխե–Ջավախքի հայության հուզող շատ խնդիրներ կարող են ավտոմատ կերպով լուծվել այն բանից հետո երբ Վրաստանի իշխանությունները լիարժեք գիտակցեն թուրք–ադրբեջանական քաղաքականության վտանգը մեր շրջանում.
Հնարավոր է, որ Սամցխե-Ջավախքի հայերին և վրացիներին հուզող շատ հարցեր լուծվեն, ոչ ավտոմատ կերպով, բայց լուծելի դառնան, եթե Վրաստանի իշխանությունը գիտակցի թուրքերի քաղաքականության վտանգը:
Գարեգին Նալբանդյան
Գեոպոլիտիկ ակումբ, ԱՄՆ