Լիզ Թրասը դարձավ Մեծ Բրիտանիայի նոր վարչապետն ու Պահպանողական կուսակցության առաջնորդը



Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Լիզ Թրասն այսօր նշանակվեց իշխող Պահպանողական կուսակցության ղեկավար և երկրի վարչապետ, հայտնում է Reuters-ը։
Գործակալությունը մանրամասնում է, որ երեքշաբթի նոր վարչապետը կմեկնի Շոտլանդիա, որտեղ այժմ գտնվում է Եղիսաբեթ Երկրորդ թագուհին: Նա Թրասին կխնդրի կառավարություն ձևավորել։
Նոր վարչապետը կլինի կառավարության չորրորդ պահպանողական ղեկավարը 2015 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո։
Իր նախընտրական քարոզարշավի շրջանակում Թրասը խոստացել է շտապ քայլեր ձեռնարկել Մեծ Բրիտանիայում ապրուստի ծախսերի ճգնաժամի դեմ պայքարելու համար: Նա պարզաբանել է, որ հաղթելու դեպքում մեկ շաբաթվա ընթացքում կներկայացնի գործողությունների ծրագիր՝ էներգիայի աճող ծախսերի խնդիրը կարգավորելու հարցում:
Շոտլանդիայի առաջին նախարար Նիկոլա Սթերջենը, սակայն, բրիտանական Sky News հեռուստաալիքի հետ հարցազրույցում ասել է, որ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Լիզ Թրասը կարող է աղետ լինել երկրի համար՝ որպես վարչապետ։

«Եթե ​​նա երկիրը ղեկավարի նույն կերպ, ինչպես քարոզարշավը վարեց ամռան ընթացքում, աղետ կլինի ոչ միայն Շոտլանդիայի, այլև ողջ Մեծ Բրիտանիայի համար։ Հուսանք, որ ամեն ինչ լավ կլինի»,- ասել է Սթերջենը: