ԱԽԱԼՑԽԱՅԻ ՀՈԳԵՎՈՐ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆԸ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ Է ՏՐԱՄԱԴՐԵԼ ԵՎՍ ԵՐԵՔ ԿԱՐԻՔԱՎՈՐ ԸՆՏԱՆԻՔԻ

Աստվածային և հավիտենական բարին մարդու համար հեռավոր և ոչ տեսանելի մի իրողություն չէ, ոչ էլ երազանք կամ հնարանք, այլ կենդանի իրականություն, որ հասանելի է մարդկությանն ու նրա փորձառությանը: Աստվածային բարին մարդը կարող է ձեռք բերել և դարձնել իրենը՝ նրանով լիացնելով իր սիրտը, հոգին և մարմինը: Եթե մարդն իր ողջ էությամբ փնտրում է Աստծուն, ապա առաջին հերթին այդ մեծագույն բարիքին նախ ինքն է արժանանում՝ միաժամանակ բաժնեկից դարձնելով իր մերձավորներին և բոլոր մարդկանց: Քրիստոսին հետևող և աստվածահաճո կյանքով ապրող անձի մեջ գործում է աստվածային բարին, որը լուսավորում է իր շուրջը և լույս բաշխում ամենուր:

Սույն թվականի հունվարի 18-20-ը Ախալցխայի Հոգևոր Տեսչությունը սննդամթերք տրամադրեց եւս 3 կարիքավոր ընտանիքի : Հունվարի 18-ին օգնություն ստացավ ք․ Ախալցխայի փ․ Իլիա Մարթլիս 10 հասցեում բնակվող Նազարեթյանների ընտանիքը։ Հինգ հոգուց բաղկացած ընտանիքը գտնվում է սոցիալապես անապահով վիճակում, այս ընտանիքը չունի մշտական աշխատանք: Տիկին Քրիստինեն իր գոհունակությունը հայտնեց Հոգևոր Տեսչությանը՝ իր ընտանիքի հանդեպ հոգածու վերաբերմունք ցուցաբերելու համար:

Հունվարի 19-ին Ախալցխայի Հոգեւոր Սեսչությունը այցելեց ք. Ախալցխայի փ. Գոգեբաշվիլի 28 հասցեում բնակվող Դիասամիձե Քրիստինեին։ Տիկին Քրիստինեն ապրում է երեք անչափահաս երեխաների և սկեսրոջ հետ վարձով, ամուսինը գտնվում է բանտում։

«Շնորհակալ եմ Հոգևոր Տեսչությունից, որ արձագանքեց իմ ընտանիքին խնդիրներին և աջակից եղան մեզ»,- ասաց տիկին Քրիստինեն։

Շարունակելով աստվածահաճո իր ընթացքը՝ Ախալցխայի Հոգևոր Տեսուչ Հայր Հակոբ աբեղա Սահակյանը և Տեր Թորգոմ քհն․ Վարդանյանը հունվարի 20-ին այցելեցին Ախալցխայի շրջանի Սազել գյուղում ապրող Կարինե Ստեփանյանի ընտանիքին։ Վեց անդամներից կազմված բազմազավակ ընտանիքը գտնվում է սոցիալապես ծանր կացության մեջ։ Ընտանիքի հայրը չունի մշտական աշխատանք։ Հոգևոր Տեսչությունը սննդի փաթեթներ տրամադրեց այս ընտանիքին։