Նոյեմբերի 15-16-ը Ինդոնեզիայի Բալի կղզում սպասվում է G20-ի հանդիպումը: Ռուսական պատվիրակությունը ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի գլխավորությամբ գագաթնաժողով է ժամանել նոյեմբերի 13-ին, և այսօր արդեն միջազգային լրատվամիջոցները կեղծ լուրեր են տարածել նախարարի՝ հիվանդանոցում գտնվելու մասին:
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան իր Telegram ալիքում հերքել է ՌԴ Լավրովի հոսպիտալացման մասին լուրերը և պնդել, որ նախարարը Ինդոնեզիայում G20 գագաթնաժողովին ժամանելուց հետո չի դիմել բժշկական օգնության։
Ի պատասխան Associated Press-ի հաղորդագրությունների՝ ՌԴ ԱԳ նախարարն էլ իր հերթին է հաստատել, որ ինքը հոսպիտալացված չէ, այլ գտնվում է հյուրանոցում և պատրաստվում է G20-ի գագաթնաժողովին։ Ըստ ՏԱՍՍ-ի հրապարակած լուսանկարի՝ Լավրովը հյուրանոցում կարդում է նյութեր վաղվա գագաթնաժողովի համար:
Նախարարը հայտնել է, որ պատրաստվում է G20-ի առաջիկա գագաթնաժողովին, որի շրջանակներում նախատեսում է մի քանի ելույթ, կընդունվի նաև ամփոփիչ հռչակագիր։
Xinhua լրատվական գործակալությունն էլ հայտնում է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Չինաստանի նախագահ Սի Ծինփինը դիվանագիտական հանդիպում են սկսել Բալիում:
Ըստ Սպիտակ տան պաշտոնյաների հաղորդագրությունների՝ Բայդենը նախատեսում է Սիին առաջարկել վերսկսել երկխոսությունը երկու երկրի միջև, ինչպես նաև պայմանավորվել համաշխարհային քաղաքականության մեջ զսպվածության և հավասարակշռության համակարգը պահպանելու հարցում:
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին էլ հաստատել է տեսաուղերձով իր մասնակցությունը G20-ի գագաթնաժողովին։