ԵՄ գլխավոր դիվանագետ Ժոզեպ Բորելը երկուշաբթի Բրյուսելում բարձր մակարդակի բանակցությունների նոր փուլ է անցկացրել Բելգրադի և Պրիշտինայի միջև՝ Կոսովոյում իրավիճակի վատթարացման ֆոնին։ Նախ բանակցությունները սկսվել են կողմերից յուրաքանչյուրի հետ առանձին-առանձին, որից հետո տեղի են ունեցել համատեղ հանդիպումներ։
Սերբական Blic թերթը, վկայակոչելով իր աղբյուրը, նշել է, որ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի և Կոսովոյի վարչապետ Ալբին Կուրտիի նոյեմբերի 21-ի բրյուսելյան բանակցությունները հաջողությամբ չեն պսակվել:
Նոյեմբերի 20-ին Կոսովոյի իրավապահ մարմինները հաստատել են, որ նոյեմբերի 22-ից տուգանելու են սերբական համարանիշներով երթևեկող վարորդներին։ Նշվում է, որ անցումային շրջանը կտևի մինչև 2023 թվականի ապրիլի 21-ը, ինչից հետո Կոսովոյի ոստիկանությունը կսկսի առգրավել սերբական համարանիշներով ավտոմեքենաները։
Այս որոշման ֆոնին նոյեմբերի սկզբին Կոսովոյում և Մետոխիայում բնակվող սերբերը զանգվածային բողոքի ցուցեր են անցկացրել, կոչ արել չսահմանափակել սերբերի տեղաշարժի ազատությունը։ Պետական կառույցներում աշխատող սերբ պաշտոնյաները հրաժարական են տվել: