Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախումբը՝ հանձնախմբի համանախագահ Ֆրանկ Փալոնը, կոնգրեսականներ Ջեքի Սփիերը, Գուս Բիլիրակիսը, Ադամ Շիֆը, հայտարարություն են տարածել, որում դատապարտել են Ադրբեջանի գործողությունները Լեռնային Ղարաբաղում:
«Մենք դատապարտում ենք Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները Լեռնային Ղարաբաղում։ Մտահոգիչ է այն փաստը, որ ադրբեջանցի ժողովրդին թույլատրվում է ազատ բողոքել այն դեպքում, երբ դա սպառնում է հայերի կյանքին։ Նրանք շրջափակել են Լաչինի միջանցքը, ինչը, ամենայն հավանականությամբ, համակարգված և ուղղված է Արցախի մեծ մասին պարենի, դեղորայքի, տրանսպորտի ու առաջին անհրաժեշտության այլ ապրանքների մատակարարման միակ ճանապարհը արգելափակելուն, ինչը վկայում է, որ հետագայում կսահմանափակվի նաև Արցախի ժողովրդի ազատ տեղաշարժը:
Լրացուցիչ հաղորդագրություններում նշվում է, որ Ադրբեջանը նաև անջատել է տարածքում քաղաքացիական բնակչության համար բնական գազի հիմնական աղբյուրներից մեկը՝ տասնյակ հազարավոր մարդկանց թողնելով առանց ջեռուցման, ինչպես դա եղել էր այս տարվա մարտին:
Ադրբեջանը կենսապահովման այդ կարևոր գծերը փակելով կամ նույնիսկ անջատման սպառնալիքով հերթական անգամ կրիտիկական ենթակառուցվածքը վերածում է զենքի և հումանիտար ճգնաժամ է ստեղծում Լեռնային Ղարաբաղում բնակվող հայերի համար:
Սա հայ ժողովրդի նկատմամբ չարաշահումների լավ փաստագրված սխեմա է, որը պայմանավորված է Ալիևի ռեժիմի ճոռոմ հռետորաբանությամբ ՝ ուղղված նրանց ապամարդկայնացմանը։
Կոչ ենք անում Միացյալ Նահանգներին և մեր եվրոպացի գործընկերներին օգտագործել իրենց տրամադրության տակ եղած բոլոր դիվանագիտական գործիքները՝ կանգնեցնելու Ադրբեջանի կողմից ստեղծված ակնհայտ շինծու ճգնաժամը, ԵԱՀԿ Մինսկի խմբի և այլ բազմակողմ խաղաղ գործընթացների միջոցով Ալիևին վերադարձնել բանակցային սեղանի շուրջ և ապահովել Արցախի ժողովրդի մասնակցությունն այդ քննարկումներին»։