Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանի հետ կապող ճանապարհի և գազամատակարարման արգելափակման հետևանքով Արցախի Հանրապետությունում առաջացել է բենզինի, դիզվառելիքի, հեղուկ և սեղմված գազի պակաս: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից:
Վառելիքային ճգնաժամ չառաջանալու համար Արցախի կառավարությունը տնտեսվարողների հետ պայմանավորվածություն է ձեռք բերել՝ անցնելու խնայողական ռեժիմի:
Լցակայաններում վառելիք առաջնահերթ կտրամադրվի շտապօգնության ծառայությանը, հասարակական տրանսպորտին և հատուկ ծառայություններին:
Վառելիքի տրամադրման մեխանիզմների և ընթացակարգերի մասին հանրությանը տեղեկատվություն կտրամադրվի լրացուցիչ:
Քաղաքացիներին կոչ է արվում խնայողաբար օգտագործել վառելիքը և տրանսպորտային միջոցներն օգտագործել խիստ անհրաժեշտության դեպքում:
Հիշեցնենք՝ երեկվանից Ադրբեջանը դադարեցրել է Արցախի գազամատակարարումը: