Խորհրդարանական ընդդիմությունն առաջարկել էր արտահերթ նիստ գումարել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի փակման վերաբերյալ։ Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը նշեց, որ ՔՊ-ն չի միանա ընդդիմադիրների նախագծին, այլ կներկայացնի իր նախագիծը:
«Մեր ընդդիմադիր գործընկերներին առաջարկեցինք, որպեսզի գնանք մեկ հայտարարության նախագծով և ի նշան միասնականության՝ Ազգային ժողովն այսօր քննարկեր մեկ նախագիծ, և մենք միասնական մեկ ուղերձ հղեինք միջազգային հանրությանը, որովհետև այս հայտարարության նախագիծը որպես գործիք պիտի ուղղված լինի միջազգային հանրությանը:
Ցավոք սրտի, մեր ընդդիմադիր գործընկերները չտվեցին իրենց համաձայնությունը, ըստ էության՝ նիստը պետք է կայանար մեկ նախագծով, այսինքն՝ մեկ նիստ մեկ նախագծով: Մենք կողմ քվեարկեցինք մեր նախագծին, որպեսզի այսօր քննարկվի ԱԺ նիստերի դահլիճում ՔՊ-ի առաջարկած նախագիծը:
Իրենց հարցի քվեարկությանը մենք չենք մասնակցել»,- ասաց Կոնջորյանը: