Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները։ Այս մասին հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից:
Առաջին բուժօգնության համար անհրաժեշտ դեղերի և բժշկական պարագաների պակաս այս պահին չկա, բայց մատակարարումը շարունակում է մնալ անհնարին:
Արցախի ԱՆ հանրապետական բժշկական կենտրոնում 11 բուժառու գտնվում է ռեանիմացիոն բաժանմունքում, որից 4-ը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում, բժիշկների կողմից կատարվում է հնարավորը հիվանդների վիճակը կայունացնելու համար:
Արցախի «Արևիկ» բուժմիավորումում 10 երեխա գտնվում է ռեանիմացիոն բաժանմունքում: Երեխաներից մեկը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: Արցախի բժիշկները անհրաժեշտ բուժօգնությունը ցուցաբերում են՝ առցանց կապով խորհրդակցելով ՀՀ մասնագետների հետ:
Արցախի առողջապահության նախարարությունը ձեռնարկում է հնարավոր բոլոր միջոցները շրջափակման պատճառով ստեղծված իրավիճակը պատշաճ հաղթահարելու համար։