Արցախում մեկնարկել է պետպահուստից հատկացվող 5 ապրանքատեսակների կտրոններով բաշխման գործընթացը: Ծրագրի իրագործման համար ձևավորվել է 26 սպասարկման կետ, որից 19-ը՝ Ստեփանակերտում:
Մետաքսե Ավետիսյան (սպասարկման կետի պատասխանատու) — Սպասարկման հենակետում 15 մուտքագրող ունենք և 2 կտրոն տրամադրող: Բացի դրանից, կոմիտեի կողմից տրամադրվել է 2 ադմինիստրատոր, որոնք հերթեր գոյանալու դեպքում մարդկանց ուղեկցում են դեպի համապատասխան ազատ մուտքագրողներ, որպեսզի կուտակումները հնարավորինս քիչ լինեն:
Կտրոնային համակարգի նպատակը շուկայում պարենի դեֆիցիտի բացառումն է՝ վստահեցնում են պատասխանատուները: Մեկ շնչին ամսվա կտրվածքով հասնում է մեկ լիտր ձեթ և մեկական կիլոգրամ շաքարավազ, մակարոնեղեն, հնդկաձավար և բրինձ:
Լիանա Ավանեսյան (սպասարկման կետի պատասխանատու) — Ձեթը մեկանգամյա է, այսինքն՝ մեկ լիտր ձեթ մեկ անձին մեկ ամսվա համար, մյուս 4 ապրանքատեսակները՝ կես կիլոգրամական, հունվարի 20-ից մինչև փետրվարի 5-ը, և կես կիլոգրամական՝ փետրվարի 5-ից մինչև փետրվարի 20-ը, կարող են օգտվել ցանկացած վաճառասրահից:
Կտրոնների վրա նշված է ժամկետ, եթե քաղաքացին այդ ընթացքում գնում չի կատարում, կտրոնն անվավեր է ճանաչվելու: Սպասարկման կետերում հերքում են նաև տարածված թյուր կարծիքը, թե կտրոնի դեպքում վճարել պետք չէ:
Լիանա Ավանեսյան — Կտրոնը չի նախատեսում տվյալ ապրանքի անվճար ձեռքբերում: Ուղղակի դա նախատեսում է հավասարապես օգտվել շուկայից:
Կտրոնով պարեն գնելու հնարավորություն ունեն նաև Արցախի քաղաքացիություն չունեցող, բայց Արցախում ապրողներն ու այստեղ գտնվող օտարերկրացիները: Նրանք և փաստաթղթերի հետ խնդիր ունեցողները պետք է դիմեն Արցախի բնակարանային հարցերի կոմիտե: