Երեկ Բեյրութի հայաշատ արվարձաններից մեկի Պուրճ Համուտի մեջ ծանր միջադեպ էր տեղի ունեցել, որի ժամանակ զոհվել էին մարդիկ։ Միջադեպը տեղի էր ունեցել այն բանից հետո, երբ Սիրիայի փախստական ազգությամբ քուրդ մեկը հայհոյել էր հային, ինչի հետեւանքով բազմաթիվ հայ երիտասարդներ փորձել էին կարգի հրավիրել անկարգապահ անձին։ Դրա հետեւանքով վեճ էր տեղի ունեցել, որը վերաճել էր արյունահեղության։ Նախնական տվյալներով վիճաբանության արդյունքում երկու կողմից կա մեկական սպանված։ Դեպքի պատճառով Akhaltskha.Net-ը զրուցեց Բեյրութի բնակիչ, հայկական yerepouni-news կայքի խմբագիր Ահարոն Շեկերդեմիանի հետ։
Ահարոն Շեկերդեմիանի խոսքերով՝ Բեյրութի Պուրճ Համուտ թաղամասը հին ժամանակներից ի վեր եղել է հայաշատ շրջան, որը կարելի է անվանել հայերի սիրտը։ Սակայն վերջին տարիներին Պուրճ Համուտի հայ բնակիչները ավելի լավ բնակարաններ ու պայմաններ ունենալով փոխադրվել են Բեյրութից դուրս այլ շրջանների մեջ։ Եւ իրենց տները վարձով են տվել օտարներին։ Նրա խոսքերով՝ այդ օտարները մինչեւ վերջին շրջաններ շիիթներ էին կամ էլ քրիստոնյա լիբանանցիներ։ Սակայն Սիրիայի քաղաքացիական պատերազմի հետեւանքով այնտեղ բնակեցվել են մեծ թվով փախստականներ։
«Հիմա դուրս եկավ, որ Պուրճ Համուտ եկած Սիրիայի փախստականները, տարբեր ազգերի ներկայացուցիչներ են իրականության մեջ։ Շրջանի մեջ կան քրդեր, շիիթներ, քրիստոնյա լիբանանցիներ ու հայեր, որոնք տարբեր ազգերի, մշակույթների ու համոզմունքների տարեր են։ Եւ այստեղից սրություն սկսվեց շրջանի հայ բնակիչների հետ։ Այս դեպքը, որ երեկ՝ ուրբաթ օրը պատահեց դա մեկ քրդի վայրագ արտահայտության պատճառով էր, որը հայհոյել է հայերին»,-ասում է Ահարոն Շեկերդեմիանը։
Նրա խոսքերով՝ արյունահեղությունից հետո իրավապահ մարմինները հասել են դեպքի վայր եւ նրանք, ովքեր միջադեպի մաս էին կազմել ձերբակալվեցին, իսկ վիրավորներին հասցրին հիվանդանոց։ Նա նաեւ ասաց, որ հայ եւ քուրդ առաջնորդները դեպքի առիթով հանդիպել եւ քննարկել են միջադեպը հանդարտեցնելու ուղիները գտնելու համար ու այս պահին տեղի ունեցած միջադեպը կամաց-կամաց հանդարտեցվել է։
«Հիմա չկա այդ լարվածությունը եւ ամեն ինչ կամաց-կամաց դեպի մեղմացում է գնում, սակայն այս մեկը առաջինը չէ։ Նման դեպքեր շատ են եղել, բայց ոչ այսպես ծանր ոճիրի բախումներ»,-ասում է Ահարոն Շեկերդեմիանը։