Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը պետք է վերականգնվի 1991 թ. սահմաններում. Զելենսկին՝ Սի Ծինփինի հետ հեռախոսազրույցից հետո

Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը պետք է վերականգնվի 1991 թ. սահմաններում. Զելենսկին՝ Սի Ծինփինի հետ հեռախոսազրույցից հետո


Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին մանրամասներ է ներկայացրել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինի հետ հեռախոսազրույցից։ Մեկ ժամ տևած զրույցի ընթացքում նրանք  քննարկել են  երկկողմ հարաբերությունների արդիական հարցերի ողջ շրջանակը։ 

 

«Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել Ուկրաինայի համար արդար և կայուն խաղաղության հաստատման հնարավոր համագործակցության ուղիներին։ Ոչ ոք ավելի շատ խաղաղություն չի ուզում, քան ուկրաինացի ժողովուրդը: Մենք մեր հողի վրա ենք և պայքարում ենք մեր ապագայի համար՝ իրացնելով ինքնապաշտպանության մեր անքակտելի իրավունքը։ Խաղաղությունը պետք է լինի արդար և կայուն՝ հիմնված միջազգային իրավունքի սկզբունքների և ՄԱԿ-ի կանոնադրության հարգման վրա։ Տարածքային փոխզիջումների հաշվին խաղաղություն չի կարող լինել. Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը պետք է վերականգնվի 1991 թվականի սահմաններում»,- գրել է Զելենսկին իր տելեգրամյան ալիքում:

 

Ղեկավարները քննարկել են նաև ուկրաինա-չինական գործընկերության ամրապնդման ուղիները։ 

 

«Մինչ ռուսական լայնամասշտաբ ներխուժումը Չինաստանն Ուկրաինայի թիվ մեկ առևտրային գործընկերն էր։ Կարծում եմ, որ մեր այսօրվա զրույցը հզոր խթան կհաղորդի այդ դինամիկայի վերադարձին, պահպանմանն ու զարգացմանը բոլոր մակարդակներում»,- գրել է Զելենսկին:

 

Հեղինակ՝ Սիլվի Սիրականյան