Այս գիշեր Ուկրաինան փորձել է հարվածել Կրեմլին, հայտնում է ՌԴ նախագահի մամուլի ծառայությունը։ Իշխանություններն ընդգծել են, որ Ռուսաստանը իրեն իրավունք է վերապահում հակահարված տալ «որտեղ և երբ հարմար համարի»։
«Այս գիշեր Կիևը փորձել է անօդաչու թռչող սարքերով հարվածել Կրեմլի նախագահական նստավայրին»,- հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը և շեշտում, որ այս հարձակման հետևանքով Վլադիմիր Պուտինը չի տուժել։ Նրա աշխատանքի ժամանակացույցը չի փոխվել, նախագահը շարունակում է աշխատել սովորական ռեժիմով:
Հարձակումն իրականացվել է երկու անօդաչու թռչող սարքի միջոցով, որոնք «զինվորականների և հատուկ ծառայությունների գործողությունների արդյունքում ոչնչացվել են, Կրեմլի տարածքում նրանց անկումից և բեկորների տարածվելուց հետո տուժածներ չկան»,- պարզաբանել են մամուլի ծառայությունում։