Էրդողանը զգուշացրել է, որ ընդդիմությանը թույլ չի տա հարձակվել Ռուսաստանի, Պուտինի վրա և անտեսել Ադրբեջանը

Էրդողանը զգուշացրել է, որ ընդդիմությանը թույլ չի տա հարձակվել Ռուսաստանի, Պուտինի վրա և անտեսել Ադրբեջանը



Թուրքիայում նախագահական ընտրություններին ընդառաջ Ռեջեփ  Թայիփ Էրդողանը մեկնաբանել է ընդդիմադիր թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուի հայտարարությունն այն մասին, որ Ռուսաստանը միջամտում է Թուրքիայում նախագահական ընտրություններին և կեղծ տեղեկություններ տարածում թեկնածուների մասին: Էրդողանը զգուշացրել է, որ թույլ չի տա ընդդիմությանը հարձակվել Ռուսաստանի և նախագահ Վլադիմիր Պուտինի վրա։
«Անկարայի հարաբերությունները Մոսկվայի հետ շատ ավելի լավն են և ոչ պակաս կարևոր, քան ԱՄՆ-ի հետ: Պարոն Քեմալը նաև ասում է, որ կմիանա Արևմուտքի հակառուսական պատժամիջոցներին: Ո՞վ եք դուք, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառեք»,- ընդգծել է Էրդողանը, հավելել՝ Թուրքիան և Ռուսաստանը տնտեսական ամուր կապեր ունեն, մեծ է գործակցության ներուժը նաև զբոսաշրջության ոլորտում:
Էրդողանն անդրադարձել է նաև Քըլըչդարօղլուի այն հայտարարությանը, որ ընտրվելու դեպքում իր թիմը կյանքի է կոչելու Թուրքիան Չինաստանին կապող տրանսպորտային նախագիծը, որով պետք է ակտիվացվի Մետաքսի ճանապարհը։ Քըլըչդարօղլուն ներկայացրել է նաև նախագծի իրագործման քարտեզը, որի համաձայն նախատեսված ճանապարհը չի անցնում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքով», շրջանցում է Ադրբեջանը և անցնում է Իրանով:

Էրդողանը մտահոգություն է հայտնել՝ Քըլըչդարօղլուն մտադիր է խայտառակել Թուրքիային՝ անտեսելով Ադրբեջանը: Նրա խոսքով՝ թուրք ժողովուրդը չի ընդունի որևէ նախագիծ, որը կարող է վնասել Բաքվի և Անկարայի եղբայրությանը։