Աշխարհի միլիարդատերերի քանակով առաջատար քաղաքը Նյու Յորքն է

Աշխարհի միլիարդատերերի քանակով առաջատար քաղաքը Նյու Յորքն է


Աշխարհում ամենահարուստ մարդկանց կուտակումը Նյու Յորքում է: Այնտեղ 101 միլիարդատեր կա, իսկ ամենահարուստը նրանցից Մայքլ Բլումբերգն է՝ 94.5 մլրդ դոլարով: Forbes հանդեսը հրապարակել է ամենաշատ միլիարդատեր բնակիչներ ունեցող 11 քաղաքների ցանկը: Ընդհանուր առմամբ, դրանցում ապրում է 487 միլիարդատեր, որոնց կարողությունը գերազանցում է 2.8 տրլն դոլարը: Երկրորդ տեղում Հոնկնոգն է՝ 70 միլիարդատերով: 68 միլիարդատերով երրորդը Պեկինն է, hաջորդը դարձյալ Չինաստանը ներկայացնող քաղաք է՝ Շանհայը` 65 միլիարդատերով: Հինգերորդ տեղում Լոնդոնն է, որտեղ ապրում է 63 միլիարդատեր: Ցանկում են նաև Մոսկվան, Մումբայը, Շենժենը, Սինգապուրը, իսկ տասներորդ հորիզոնականը կիսում են՝ Դելին և Սան Ֆրանցիսկոն:

2022 թվականի արդյունքներով, սակայն, աշխարհի ամենահարուստ մարդը միլիարդատերներով լի քաղաքում չի ապրում: Ֆորբսի ցուցակը գլխավորում է Փարիզում ապրող Լուի Վիտոն ընկերության նախագահ Բեռնար Առնոն: Նրա կարողությունը 211 մլրդ դոլար է գնահատվում: Առնոյին ամենահարուստների շքերթում հաջորդում են Տեսլայի հիմնադիր Իլոն Մասկը և Ամազոնի հիմնադիր Ջեֆ Բեզոսը: Աշխարհի ամենաերիտասարդ միլիարդատերը իտալացի 18-ամյա Կլեմենտ Դել Վեկիոն է՝ 3.5 մլրդ դոլար կարողությամբ: Այդ կարողությունը նա ոչ թե վաստակել, այլ ժառանգել է հորից՝ Լեոնարդո Դել Վեկիոյից, որը ակնոցների արտադրության աշխարհի ամենամեծ ընկերության՝ Լյուքսոտիկայի սեփականատերն էր: Աշխարհի միլիարդատերերի միջին տարիքը 65 է, իսկ ամենատարեցը ապահովագրական մագնատ Ջորջ Ջոզեֆն է՝ 101 տարեկան։ Իսկ ցանկում աշխարհի ամենահարուստ կինը՝ Ֆրանսուա Բետանկուր Մայերսն է. ավելի քան 80 մլրդ դոլարով նա զբաղեցնում է 11-րդ տեղը:
Ո՞ր ոլորտներում են ամենաշատ միլիարդատերերը: Աշխարհի միլիարդատերերի 14 տոկոսը ֆինանսների և ներդրումների ոլորտից է, 12 տոկոսը արտադրության, տոկոսային առումով նույնչափ է նաև տեխնոլոգիաների ոլորտի միլիարդատերերի քանակը, չորրորդ հորիզոնականում նորաձևությունն է՝ 10 տոկոս: Միլիարդատերերի քանակով հաջորդող ոլորտներն են խմիչքի և սննդի արդյունաբերությունը, առողջապահությունը, անշարժ գույքի, էներգետիկայի շուկաները, մեդիան և ժամանցը:
Ընդհանուր առմամբ աշխարհի՝ 2640 միլիարդատերերի կարողությունը միասին կազմում է 12.2 տրլն դոլար, ինչը 500 միլիարդ դոլարով պակաս է 2022-ի մարտի ցուցանիշից:

Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան