ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը տեսաուղերձ է հղել անվտանգության հարցերով բարձրագույն ներկայացուցիչների 11-րդ միջազգային հանդիպման մասնակիցներին, որում նշված է.
«Ռուսաստանը համոզված է, որ նման կործանարար կուրսին՝ շանտաժի և ոչ լեգիտիմ պատժամիջոցների քաղաքականությանը, իրական այլընտրանք կա: Դա աշխարհում կայունության ամրապնդումն է, միասնական անբաժանելի անվտանգության համակարգի հետևողական կառուցումը, տնտեսական, տեխնոլոգիական և սոցիալական զարգացման ապահովման մասշտաբային խնդիրների լուծումը։
Եվ այստեղ առաջին հերթին անհրաժեշտ է բոլոր երկրների ջանքերի համակարգումը, համատեղ քրտնաջան աշխատանք՝ հիմնված փոխադարձ հարգանքի, գործընկերության և վստահության սկզբունքների վրա։
Հենց այս մոտեցումներն են դրված Ռուսաստանի արտաքին քաղաքականության նորացված հայեցակարգում։ Մեկ անգամ չէ, որ ասել եմ և կրկին կընդգծեմ. մեր երկիրը պատրաստ է առավել սերտ փոխգործակցության բոլոր շահագրգիռ պետությունների հետ՝ դիմակայելու ընդհանուր սպառնալիքներին, ընդհանուր մարտահրավերներին, որոնց այսօր բախվում է մարդկությունը»: